Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան

«Հիշում եք, որ դատական նիստերից մեկի ժամանակ դատախազները հորս ասացին՝ Ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում: Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչի մասին մենք և ուրիշները 2.5 տարի զգուշացնում էինք: Սա շատ մեծ խայտառակություն է, ու հիմա էլ ավելի վառ դարձավ այդ ամենը, ցավոք»,- Մարտի 1-ի գործով այսօր վերսկսվող դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Հարցին, թե հետադիմական համարո՞ւմ է արդյոք այն մոտեցումը, որ պետք է հզորանանք ու հետ բերենք կորցրածը, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ հիմարություն է դա հետադիմական հայացք համարելը:

«Ինձ թվում է՝ այս պահի դրությամբ կան շատ բացեր, որոնք, հնարավոր է բանակցությունների միջոցով որոշակի կետերի վերաբերյալ հօգուտ մեզ արդյունք ունենալ, բայց մեծ հաշվով այն, ինչ ունեցանք, մի շարք սխալների արդյունք էր, ու ցավոք, մեր հասարակությունը ուրիշ բանով էր տարված, զգուշացումներին ականջալուր չեղավ, և ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասաց նա:

Խոսելով հոր՝ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու, և այս իշխանությունների՝ ոչ մի կերպ չհեռանալու մասին՝ Լևոն Քոչարյանը նշեց, որ այսպիսի աներես իշխանություն հնարավոր չէ պատկերացնել:

«Դեռ ընթացքում, տեսնելով, որ չի ստացվում, նրանք պետք է որոշակի գործողությունների դիմեին, թեկուզ հրաժարական տային, բայց այս ամենից հետո մնալն ուղղակի աբսուրդի ժանրից է: Մի քիչ ինքնասիրություն, թասիբ ունենային՝ կհեռանային: Իսկ հայրս վաղուց է քաղաքականության մեջ, և հետագա գործողությունների հետ կապված, կարծում եմ, դեռ առիթ կլինի խոսելու ու հանրությանը ներկայացնելո, թե դա ինչ ձևով ու ինչ եղանակով է լինելու»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Լևոն Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունն առաջ է տանում իր օրակարգը, իշխանությունն ասում է իրենը:

«Էն, ինչ իրենք են ուզում, որոշողն իրենք են, կարող են անել, իսկ ընդդիմությունը կարող է փորձել անել իր ուզածը, բայց բանալին իրենց ձեռքում չի»,- նկատեց նա:

Ըստ Լևոն Քոչարյանի՝ հաշվի առնելով այս իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի ու նաև դրանից առաջ նրանց կողմից տարածված ողջ սուտն ու կեղծիքը՝ նրանք ոչնչի առաջ չեն կանգնի, և այդ տեսակ մարդիկ պատրաստ են նաև կեղծիքների, միայն թե վերարտադրվեն:

Նա չբացառեց, որ ինչ-որ պահից Ռոբերտ Քոչարյանը կներգրավվի պրոցեսների մեջ:

«Ես չեմ ուզում ոչինչ ոչ բացառել, ոչ հերքել, բայց այսօր դեռ նման մտադրություն չկա»,- նշեց Երկրորդ նախագահի որդին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ոչինչ չէր կարող անել՝ բացառելու համար այս պատերազմի ողբերգական ելքը, Լևոն Քոչարյանն ասաց, որ պատերազմի սկզբից մի քանի օր անց իրենք Արցախ են մեկնել:

«Ինչո՞ւ ոչ առաջին օրը, որովհետև երեքշաբթի օրը նիստ պետք է լիներ, ու հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել: Ամեն ինչ փորձեց հայրս անել՝ թե խորհուրդներով, թե տարբեր ձևեր հուշելով, ընդհուպ ասում էր՝ գնացեք, ասեք այսինչ բանը, բայց մի ասեք, որ ես եմ ասել, միայն թե ասեք: Նույնիսկ Արցախում տեղի նախագահը հարկ չհամարեց հանդիպել ու այդ ամենը քննարկել: Ես ինքս եմ ականատես եղել, թե այն մարդկանց, ովքեր 90-ականներից սկսած՝ կանգնած են եղել մեր հաղթանակների հիմքում, ինչպես էին անտեսում: Արվել է առավելը, ինչքան որ հնարավոր էր անել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս