Դավիթ Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով
Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից:
Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նույն տարվա դեկտեմբերին հարձակվել և օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը և գերեվարել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 64 զինծառայողների: Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելու իրենց մտադրության մասին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Նամակներում ընդգծվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաները, չեն դադարում կիրառվել հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, հետևաբար՝ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ են՝ համաձայն Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի (III) 4-րդ հոդվածի, և ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է հայրենադարձվեն: Ադրբեջանի կողմից ռազմագերիների քրեական հետապնդումը միայն նրա համար, որ նրանք մասնակցել են ռազմական գործողություններին, Ժնևյան երրորդ կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Նամակներում նշվում է, որ Ադրբեջանը ձգձգում է իր մոտ պահվող այլ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձը, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո: Ընդգծվում է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է եռակողմ հայտարարությունն իր տառին և ոգուն համապատասխան լիակատար իրականացնելու իր իսկ ստանձնած պարտավորություններին՝ արյունալի հակամարտության թողած վերքերը բուժելու նպատակով:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիաների իրագործումը և նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ նրա կողմից պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց բոլոր իրավունքները պաշտպանելու նպատակով: