Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ պատերազմի արդյունքում տուժած իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումների վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին, այն պատրաստվել է միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետների ու ադրբեջանցի իրավաբանների կողմից։ Բողոքում ներկայացված են փաստեր Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից ներկայացված գանգատում նշվում է, որ Հայաստանի կողմից նախկինում «օկուպացված» տարածքներում կան մեծ թվով ականներ, որ Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները հավասարեցված են հողին, եւ որ «անօրինական զինված ուժերի առկայության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են»։

«Ժողովուրդ» թերթը դեռ նոյեմբերի 21-ին էր հոդված հրապարակել եւ ահազանգ հնչեցրել այն մասին, որ ադրբեջանական կողմը խոսում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որը Հայաստանի համար աստղաբաշխական թիվ է: Ավելին, Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ էր հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։

Ավելին, թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց, ու այդ նյութում Թուրքիայի դատախազությունը Հայաստանի հասցրած վնասները Ադրբեջանին գնահատել էր 820 մլն դոլար:

Ավելին, դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը թերթի միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:

Եվ հիմա նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացրել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար, որն էլ նրանք արդեն պաշտոնապես կատարեցին:

Եվ ուշագրավ է, որ մինչ մամուլը եւ տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում էր, թե նման հայցի մասին խոսում է միայն Գեւորգ Կոստանյանը:

Ավելին, Կիրակոսյանը նաեւ 2021-ին հունվարի 16-ին հայտարարեց, թե հայկական կողմը եւս պատրաստվում է ՄԻԵԴ դիմում ներկայացնել: Ստացվում է՝ մինչ հայկական կողմը պատրաստվում է այդպիսի դիմում ներկայացնել, ադրբեջանական կողմն արդեն մեկ քայլ առաջ է անցել եւ արդեն իսկ նման դիմում է ներկայացրել: Իսկ թե ինչու Ադրբեջանը կրկին առաջ անցավ, հայկական կողմն այդպես էլ չի կարողանում մեկնաբանել:

Երեկ՝ ամբողջ օրը, Կիրակոսյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչով է նա զբաված այս օրերին:

Այսպիսով, ինչպես պատերազմին էին պատրաստվում մեր երկրում հունիսից, երբ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր գրավոր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, այնպես էլ իրավական ու դիվանագիտական գործիչներն են պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանվել՝ դանդաղ, կիսաքայլերով ու շատ հաճախ ուշացած, որոնք անխուսափելիորեն էլի բերելու են պարտության»:

Տեսանյութեր

Լրահոս