Օլիմպիական խաղերի երեք ուղեգրի հույս ունենք. Սեյրան Նիկողոսյան
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել է մեկ ամսով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Ի սկզբանե Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել մարտին, սակայն տեղափոխեցին և մենք էլ դրանից ելնելով ուսումնամարզական հավաք էին նախատեսում Ուկրաինայում, բայց դա էլ չեղարկվեց»,-ասաց մասնագետը:
Նիկողոսյանի խոսքով` հավաքականի անդամները լավ մարզավիճակում են ու այժմ շարունակում են մարզումները: «Այս տարին օլիմպիական է, սակայն շատ բան կախված է միջազգային մրցաշարերի անցկացումից: Մենք դեռևս Օլիմպիական խաղերի ուղեգրերի ակնկալիքներ ունենք: Աղջիկներից էլ տղաներից էլ մի քանիսը կարող են Խաղերի քվոտա ստանալ, մոտ երեք ուղեգրի հույս ունենք»,-շեշտեց մասնագետը:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):