Պատերազմն ավարտվել է, բայց մենք շարունակում ենք պարտվել՝ Շուռնուխում, Որոտանում. Խոսրով Հարությունյան

«Թուրքիայի առջև մեր շուկան բացելը նշանակում է՝ տեղական արտադրողին ծնկի բերել: Թուրքական ապրանքները ռուսական շուկայում են մրցունակ, մեր բախտը բերում է, որ ռուսական շուկան շատ մեծ է, դրա համար կարողանում ենք ինչ-որ մի խոռոչ գրավել: Հայաստանում դա նշանակում է՝ ուղղակի սպանել սեփական արտադրողին: Ես զարմանում եմ, որ նույնիսկ տնտեսվարողներն այս մասին չեն խոսում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ ոչ ադրբեջանական շուկա ենք մտնելու, ոչ էլ թուրքական շուկայում կարող ենք տեղ ունենալ:

Խոսելով հունվարի 11-ին կայացած եռակողմ հանդիպման և գերիների հարցի մասին՝ բանախոսը նկատեց.

«Գերիների հարցն օգտագործվելու է որպես լծակ՝ մեզնից բաներ կորզելու համար: Ու ես չեմ կարծում, որ Փաշինյանն այդ մասին տեղյակ չէր: Գերիները դառնում են պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ մեզ ճնշելու և նորանոր բաներ կորզելու համար: Այսօր արդեն գործող երկաթգիծ կա, որն առանց այսպիսի մեծ բանակցությունների՝ կարող էր գործել. Բաքու-Գյանջա-Աղստաֆա-Իջևան-Դիլիջան-Երևան, ու այս ճանապարհը 100 կմ-ով ավելի կարճ է: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ դա չի քննարկվել: Այս երկաթգիծն այսօր շահագործվում է Հարավկովկասյան ընկերության կողմից: Եթե Ռուսաստանն իրոք մտահոգ է, որպեսզի իր ապրանքը հասնի Թուրքիա, խնդրեմ՝ եկեք քննարկենք այս ճանապարհով՝ Գյումրի, այնտեղից՝ Կարս»:

Խոսելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վերաբերյալ Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկության մասին, համաձայն որի՝ նա կրկնակի գործակալ է, Խոսրով Հարությունյանն ասաց, որ չի կարծում, թե Մ.Մինասյանն «օդից վերցված» փաստեր է դնում, բայց պետք է քրեական գործի շրջանակներում քննվի:

«Քայլն Արարատ Միրզոյանինն է: նա պետք է փրկի իր քաղաքական դեմքը, հեղինակությունը: Անկախ նրանից՝ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակա՞լ է, թե՞ չէ, ես ասել եմ, որ պատերազմական գործողությունները, նախորդած զարգացումները խոսում են մեկ պարզ բանի մասին. Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որպեսզի Արցախից ձերբազատվենք: Ընդ որում՝ ձևավորելով նոր պրոբլեմներ ՀՀ անվտանգության համար: Պատերազմն ավարտվել է, բայց մենք շարունակում ենք պարտվել՝ Շուռնուխում, Որոտանում… Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սողացող օկուպացիա: Ակնհայտ է՝ մարդը տապալեց պատերազմը մեծ կորուստներով: Բոլորս գիտենք, որ նույնիսկ փոքր կամեցողության պարագայում ռազմական այդ գործողությունները կարող էին դադարեցնել, կանգնեցնել շատ ավելի վաղ և մարդկային ու տարածքային անհամեմատ փոքր կորուստներով, բայց դա չի արել: Հաջորդը՝ նա տապալել է կորոնավիրուսը: 2.5 տարվա ընթացքում չենք կարող ցույց տալ մեկ ոլորտ, որտեղ նրա քաղաքական թիմն արձանագրել է հաջողություններ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս