
«Նիկոլ, մինչև ե՞րբ ես էս կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջև, մինչև ե՞րբ ես աթոռիցդ կառչելու». Արագած Ախոյան

ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իր համար աբսուրդի ժանրից է օրեր առաջ Միքայել Մինասյանի արած բացահայտումը, որ մեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկակի գործակալ է՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների, ապա նաև՝ Հայաստանի ԱԱԾ-ի: Նա նշեց, որ ԽՍՀՄ տարիներին որևէ մեկին պաշտոնի նշանակելուց առաջ ստուգում էին բոլոր հնարավոր կապերը:
«Դավաճանությունների շարք ենք տեսել՝ ապացուցված, պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և, բնականաբար, հետպատերազմյան շրջանում, որտեղ որ հերթով բացահայտվում են օտարերկրյա գործակալների անուններն ու ցանկը: Այսօր մեր ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով, այնպիսի մարդկանցով, ովքեր սպասարկում են նաև թշնամական պետությունների շահերը: Ինձ համար այլևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն գոյություն չունի, գոյություն ունի «Քեմալիստական պայմանագիր» կուսակցություն: Ցանկացած հոդվածի, հրապարակման հիման վրա դատախազությունը կարողանում էր գործ հարուցել և վարույթ սկսել ցանկացած հաղորդման շուրջ, այսքան ասվում է, խոսվում է դավաճանությունից, մի ամբողջ ժողովուրդ դուրս է եկել փողոց ու ասում են՝ դավաճան, դավաճանը դարձել է բառ, որին կարելի է դիմանա՞լ: Դավաճանը ամենավերջին ստորացուցիչ մեղադրանքն է մարդուն, որից հետո մարդն իրավունք չունի ապրելու: Ամբողջ ազգն ասում է՝ վարչապետը դավաճան է, սրանք դավաճան են, կամաց-կամաց հրապարակվում են նյութեր, որոնցով օր օրի բոլտուգայկան ձգվում է այս իշխանության շուրջ»,- ասաց Ախոյանը:
ԲՀԿ նախկին պատգամավորը դիմեց Նիկոլ Փաշինյանին, որ հրաժարական տա և հեռանա:
«Նիկոլ, մինչև ե՞րբ ես էս կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջև, մինչև ե՞րբ ես աթոռիցդ կառչելու, այս մոլուցքով տառապելուց դու մեր ազգը որակազրկելու և արժեզրկելու ես, չէ՞ որ այս ամենը, ինչ ասվում է, լսում են թշնամական պետությունները, նրանց հատուկ ծառայությունները: Էլ ինչքա՞ն ասեն, էլ ինչքա՞ն նվաստացնեն, ասա, որտե՞ղ է այդ նշաձողը, որ ասես՝ «այ, եթե սա էլ անեն՝ նոր կգնամ, ասա տեսնեմ՝ կա՞ այդպիսի նշաձող, թե՞ չէ: Մեր երկրի ներսում ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել, ոչնչացնում ենք բոլորս մեկս մեկին, ամեն ինչ ավերում ենք, որոշ քաղաքական գործիչները գլուխը ջայլամի պես մտցնում են ավազի մեջ, կարծես չեն նկատում: Արա, ձեզ ենք ասում, լուրջ մեղադրանքներ են հնչեցվում ձեր հասցեին»,- ասաց Ախոյանը:
Նա շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք դուրս են եկել «Իմ քայլից», և ասաց, որ ճանաչում է որոշ պատգամավորների, ում դուրս չգալն իրեն զարմացնում է:
«Շիրակ Թորոսյան և մյուսներ, տղերք, էս ի՞նչ եք անում, ե՞րբ պետք է կանգնեք-ասեք՝ ջհանդամ էդ պատգամավորի աշխատավարձը, որ ստանում ենք, մեկ ա, հես ա ընտրություններ են լինելու: Սենց չի լինում»,- ասաց Ախոյանը:
ԲՀԿ նախկին պատգամավորը նաև պնդեց, որ մեր հայրենիքը դեռ վտանգված է:
«Շատ մեծ վտանգ է մեզ սպառնում, դեռ մարտահրավերներ կան, Աստված չանի՝ ինչ-որ նոր պրոցեսներ կարող են սկսվել, այս իրավիճակում, էս հոգեբանությամբ, էս պառակտված իրավիճակում ո՞նց ենք դիմակայելու»,- ասաց Ախոյանը:
«Նիկոլ, ես քո փոխարեն ամաչում եմ, գնա, թող էս ժողովուրդը պրծնի քեզնից, քո տնից»,- եզրափակեց նա: