Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հայտարարությունները գաղտնի հավելված ունե՞ն. մեկնաբանում է Լավրովը
«Բոլոր պայմանավորվածություններն իրականացվում են արդյունավետ»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ լրագրողի դիտարկմանը, թե իրականում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարություններից հետո դուրս են գալիս դրանց շրջանակից:
Նա նշեց, որ անկեղծորեն չի հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում, որը չի տեղավորվում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների շրջանակում:
ՌԴ ԱԳ նախարարի գնահատմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականացվում է բավականին արդյունավետ, դա նաև նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի գնահատականն է՝ բացառությամբ գերիների հարցի, որը առաջացել է դեկտեմբերի սկզբին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց:
Լավրովի խոսքով, մնացած բոլոր պայմանավորվածություններն իրականացվում են արդյունավետ, լուծվում է խաղաղապահների մանդատի հարցը, այն պետք է եռակողմ պայմանավորվածությունների առարկա լինի, այդ մասին խոսվել է հունվարի 11-ի հանդիպմանը, գաղտնի ոչ մի հավելված չկա:
«Չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող են լինել գաղտնիքների առարկա»,- ասաց Լավրովը: