«Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար». Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մանրամասները:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բոլոր որոշումներն ընդունվել են անմիջականորեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, իսկ հայտարարության տեքստը նախապես չի պատրաստվել:
Պուտինը նշել է նաև, որ որոշումը պետք է կայացվեր, և ավելացրել է, որ եղած պայմաններում «պայքարը երկու կողմերից էլ ընթանում էր յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել ՝ յուրաքանչյուր ստորակետի համար»:
Հունվարի 15-ին Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների քննարկմանն էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքները:
Երկուշաբթի, հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Կրեմլում ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Բանակցությունները տևել են գրեթե 4 ժամ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։