
ԱՄՆ-ում սպասում են, որ մինչև փետրվարի կեսերը COVID-19-ից մահացածների թիվը կհասնի կես միլիոնի

ԱՄՆ-ում մինչեւ փետրվարի կեսերը COVID-19-ից մահացածների թիվը կհասնի 500 հազարի: Այդ մասին հայտարարել է Ռոշել Վալենսկին, որը նշանակվել է ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնի (CDC) տնօրեն:
«Մինչեւ փետրվարի կեսերը մենք մինչեւ կես միլիոն մահ ենք սպասում»,-Վալենսկու խոսքը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ ինքը համաձայն է CDC-ի պաշտոնաթող տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի հետ այն հարցում, որ COVID-19-ի հետ կապված իրադրությունը վատթարանալու է:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում կորոնովիրուսից մահվան դեպքերի օրական թիվը հասել է գրեթե 4 հազարի, իսկ մահերի ընդհանուր թիվը համավարակի ժամանակաշրջանում հասել է գրեթե 400 հազարի: Վալենսկին հավելել է, որ ԱՄՆ-ը դեռ չի տեսել «այն բանի հետեւանքները, թե ինչ է տեղի ունեցել տոնական ուղեւորությունների պատճառով», որոնք, նրա կարծիքով, հանգեցնելու են «հոսպիտալացումների եւ մահերի բարձր մակարդակի»: «Կարծում եմ, որ մենք առջեւում մի քանի «մռայլ» շաբաթ ունենք»,-հավելել է նա: ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ով վարակման 23 մլն 911 հազար 313 դեպք, մահացել է 397 հազար 401 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: