«Պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա». Աննա Գրիգորյան
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունից իր դուրս գալը շատ շահարկվեց: Իր քայլը կատարելուց առաջ նա քննարկում է ունեցել քաղաքական թիմի և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ:
«Եղել է ընդհանուր ըմբռնում և խմբակցությունից դուրս գալու պատճառների վերաբերյալ: Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի դերը մեծ է եղել ընտրություններում հավաքած ձայների առումով, անժխտելի է, բայց միևնույն ժամանակ՝ պետք է փաստեմ, որ ձայների զգալի մասը, իսկ ես ընտրվել եմ մեծամասնականով, ինձ տրվել է՝ որպես անհատի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ խորհրդարանում հայտնվել է սյունեցիների և Վայոց ձորի ընտրողների քվեարկության արդյունքում:
Ինչ վերաբերում է այն համեմատություններին, ըստ որի՝ «Իմ քայլից» դուրս եկող պատգամավորներին համեմատում են Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ, Աննա Գրիգորյանն ասաց, որ այն վիճակը, որում այսօր հայտնվել է երկիրը, ուսապարկների թեման ծավալելը՝ տեղին չէ:
«Ցանկացած միտք, որը հնչում է ցանկացած հասարակական և քաղաքական գործչի կողմից, որը միտված է թիրախավորելու առանձին անհատների, ինչպես նաև բաժանարար գծեր անցկացնելուն, պետք է դատապարտելի ու մերժելի լինի»,- հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին, Աննա Գրիգորյանը շեշտեց. «Կարծում եմ՝ պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա: Արդյո՞ք հնարավոր է այսօր անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կարծում եմ՝ ոչ, իրավիճակը շատ լարված է, և հնարավոր է՝ լինեն քաղաքացիական բախումներ: Այդ առումով, պետք է դեռ խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից»:
Հարցին՝ սատարո՞ւմ է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուին, Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ, եթե կարծում է, որ իշխանությունը պետք է հեռանա, ապա դա չի նշանակում, որ սատարում է ընդդիմությանը:
«Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի ու շարժման, առավել ևս, որ ես այսօր չեմ տեսնում, որ հստակ լինեն զրույցներ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք լինելու: Հետևաբար՝ այդ առումով ես չեմ կարող սատարել որևէ քաղաքական ուժի»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Աննա Գրիգորյանը փոխարինել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին, որը նոյեմբերից 9-ից հետո որոշում էր կայացրել վայր դնել պատգամավորական մանդատը: Նախորդ տարվա վերջին էլ Աննա Գրիգորյանը հայտարարել էր, ո կվերցնի պատգամավորական մանդատը, սակայն դուրս կգա իշխող խմբակցությունից:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում