Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ
Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։
Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու չեղավ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգության թափանիվը։ Ինչո՞ւ, որովհետև մենք՝ զգուշացնողներս, անհատներ էինք ընդամենը։ Իսկ ինստիտուտները, համակարգերը և հասարակությունը՝ որպես ինստիտուտ, չափից դուրս թույլ էին։
Անվտանգության խորհուրդ, ԱԱԾ, Բանակ, Արցախի իշխանություններ, ԱԺ իշխող խմբակցություն. ո՞ւր էին այս ինստիտուտները։ Ո՞ւր էին այսօր տարբեր դահլիճներում իրենց պատռելով Նիկոլի հրաժարականը պահանջող մտավորականները։ Ո՞ւր էին բուհերը, պրոֆեսորադասախոսական համայնքը, Ակադեմիան, ստեղծագործական միությունները։ Ո՞ւր էր առաջին քրիստոնյա հասարակությունը։ Իմ նշած 20-25 հոգուն ամբողջ կյանքում հանգիստ չի տալու այդ միտքը՝ մենք գիտեինք, մենք ասում էին դրա մասին, մենք գոռում էին դրա մասին, բայց չկարողացանք տեղ հասցնել։ Եվ ինչ-որ մի ավել բան չարածի զգացումը մեզ միշտ ուղեկցելու է։
Չկրկնել պատմությունը
Հիմա, իհարկե, խոսողները շատ են, հայհոյողները՝ ավելի շատ, Նիկոլի հրաժարականը պահանջողները՝ անթիվ-անհամար։ Բայց այդ դժգոհությունն առայժմ չի ստանում ինստիտուցիոնալ տեսք և, նախադեպը ունենալով՝ կա մտավախություն, որ դարձյալ մեզ կարող է չհաջողվի կանգնեցնել հիմա էլ նո´ր ողբերգության անիվը։
Այս իրականության անբաժանելի մասն է նաև «Իմ քայլը» խմբակցությունը՝ որպես ինստիտուտ ու որպես ռումբ՝ պետության հիմքում։
Ու դարձյալ մի 20-25 հոգանոց անվանացանկ, ովքեր որևէ միավորի ներսում իրար հետ կապված չեն, գուցե ոմանք իրար նույնիսկ չեն ճանաչում, նախապես չեն պլանավորում ասելիքը, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով բավական գրագետ ներկայացնում են իրական վիճակը, ռիսկերը, ինչ պետք է անենք և ինչից պետք է խուսափենք։ Այդ 20-25 հոգին, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ՝ այսօր, ասում են, բարձրաձայնում, գոռում, որ կանգնեցնել է պետք պետության քայքայման ընթացքը, և դա պետք է անել շատ արագ, և եթե դա չանենք, ապա ոչ թե հետո, այլ հենց այս տարի են լինելու նոր խոշոր ցնցումներ և կորուստներ։
Ու դարձյալ՝ նույն պատմությունը. թվում է, թե ասվում է, թվում է, թե ընկալվում է, թվում է՝ չլսելու ողբերգական նախադեպը կա, բայց միևնույն է՝ հանրային, զանգվածային ինքնապահպանման բնազդը չի սրվում։
Հետևություն՝ ուրեմն մի բան սխալ է արվում կամ կիսատ, և (կամ) մեր դեմ իսկապես գործում է լավ կազմակերպված գործակալական ցանց, որն ազդեցիկ է, և որի խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ մեկը կանգնեցնի պետության քայքայումը։
Ասելիքի հստակություն. ճիշտ ձևակերպել ռիսկերը և կորուստները
Կա հրատապ չորս խնդիր.
- Հայ ժողովրդին, հասարակության շերտերին ներկայացնել իրականությունը։
- Ձևավորել նոր իշխանություն
- Փորձել վերականգնել Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնական համակարգը
- Աշխատեցնել պետական համակարգը՝ սկսել աշխատել
Իմ տպավորությամբ՝ հասարակության նույնիսկ կրթված շերտերը լավ չեն պատկերացնում աղետի մասշտաբները՝ այն, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, և նույնիսկ չկա հին հայ ժողովուրդը, որը վերջին 30 տարիներին ուներ հաղթած և տարածաշրջանում ձայնի իրավունքով պետություն։
Հասարակության մեջ և նույնիսկ քաղաքական վերնախավում քչերն են հասկանում, որ հիմա գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար։ Ու մենք ուշանում ենք, որովհետև պարտված և ծաղրի արժանացած իշխանությամբ մենք մեր շահը չենք կարողանալու պաշտպանել։ Մենք չենք կարող անմասն մնալ նոր Կովկասի ձևավորման պրոցեսին, բայց դա կարող ենք անել միայն նոր իշխանության պայմաններում, որը
ա/ Չի պարտվել Ալիևին
բ/ Կկարողանա Ռուսաստանի հետ նոր բովանդակության պայմանավորվածություններ ձեռք բերել
գ/ Կկարողանա խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ
դ/ Կկարողանա Իրանի հետ նոր հարաբերություններ ձևավորել
ե/ Կկարողանա Արևմուտքի հետ հարաբերություններ վերականգնել
Կա կարևորագույն խնդիր հայկական աշխարհում, որը միայն նոր իշխանությունը կարող է անել. պետք է անել ամեն ինչ, որպեսզի ողբը չդառնա հայ ժողովրդի նոր բրենդը։ Սա ուղղակի պետք է բացառել։ Պետությունը պետք է առաջինը հաղթահարի ողբի փուլը և պարտվածի հոգեբանությունը, որպեսզի հնարավորինս արագ այն հասնի սփյուռքին։ Բայց դա հնարավոր կլինի միայն նոր իշխանության պարագայում։
Պետք է պարզ հասկանալ Փաշինյանի աջակցության համակարգը.
- Ալիևը
- Էրդողանը
- «Իմ քայլը»
- Հասարակության նվազ կրթված շերտը
- Առանց հստակությունների և անծրագիր ընդդիմությունը
Ալիևի, Էրդողանի ու հասարակության նվազ կրթված շերտի հետ առայժմ ոչինչ չենք կարող անել։ Սա պետք է ընդունել՝ որպես փաստ։ «Իմ քայլի» հետ պետք է փոխել աշխատանքի սկզբունքը։ Դադարեցնել է պետք բոլոր բանակցությունները՝ համոզելու, առաջարկելու պրոցեսը, որը հիմա կա։ Դա արդեն ինքնախաբեություն է։ Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ «Իմ քայլից» ինքնուրույն գան բանակցությունների։
Կծագի հարց՝ ինչպե՞ս մեծացնել հանրային ճնշումները։ Դա էլ վերջին կետն է. պետք է էականորեն փոխել հարթակի կարգավիճակը՝ անցում կատարել Փաշինյանի ընդդիմությունից՝ Փաշինյանին այլընտրանք կարգավիճակի։ Սա 2-3 շաբաթում կարելի է անել։ Հարթակն իր մի կարևոր ֆունկցիան կատարել է՝ «Մերժիր Նիկոլին»-ը դարձել է համընդհանուր բանաձև, բայց այն իրացնելու համար պետք է հանրությանը ներկայացնել առկա իրականության այլընտրանքը՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագիր։ Անելիքի հստակությամբ, ներկա անհույս վիճակին այլընտրանք դարձած հարթակն այդ դեպքում կստանա ամենակարևոր ու վճռական դաշնակցին՝ պետական համակարգը, ուժայիններին ու մշտապես դիտորդ հասարակության շերտերին։ Պետք է հստակ ներկայացնել փոփոխությունների բացակայության դեպքում երկրի քայքայման հեռանկարն ու զուգահեռ, նույնքան հստակ, ներկայացնել անելիքը՝ դրանից խուսափելու համար։
Շարունակելի
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ