Պետությունը վերականգնելու համար հայ ժողովուրդը պետք է անի ընդամենը մեկ քայլ. Միքայել Մինասյան
Պետությունը վերականգնելու համար հայ ժողովուրդը պետք է անի ընդամենը մեկ քայլ՝ ոնց բերել ու պահել է նիկոլներին, այդպես էլ պիտի հեռացնի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Այդ առաջ էր, որ նիկոլենք ներկապնակը դարձրել էին սև ու սպիտակ։ Հիմա նույնիսկ դա չկա։ Նրանք՝ որպես քաղաքական ուժ, իրողություն կամ գույն, այլևս գոյություն չունեն։
Կա Հայաստան, հայեր, հայկական կուսակցություններ՝ հին ու նոր, բազմամարդ կամ մեկ մարդու, խորհրդարանական ու արտախորհրդարանական, և կան նիկոլենք՝ ժողովրդի թշնամիները:
Իսկ ժողովրդի թշնամու հետ չեն բանակցում, նրա հետ չեն պայմանավորվում, նրա ձեռքը չեն սեղմում, նրա հետ չեն հանդիպում։ Ու բոլոր այն ուժերը, որոնք մասնակցում են ժողովրդի թշնամիների բեմադրած «քաղաքական կոնսուլտացիաներ» թատրոնին, ինձ համար ինքնաբերաբար դառնում են նիկոլական, այսինքն՝ ժողովրդի թշնամի։
Որպեսզի պարզ ու հստակ լինի. ազգի դավաճանների հետ բանակցել չկա՛, գործընթաց քննարկել չկա՛, ձեռք սեղմել ու մարդատեղ դնել չկա՛։ Ով դնի՝ ազգի դավաճան է։ Վերջ։
Հիմա Արարատ «Օմեգա» Միրզոյանի մասին։ Ես գիտեմ, որ շատերը շոկի մեջ են։ Ես՝ նույնպես, երբ իմացա մանրամասները։ Ես կարծում էի, որ հայ ժողովրդի պատմության սև ու մութ էջերը, որտեղ կային պարտություն, թշնամական դավեր, գործակալներ ու դավաճաններ, իմ կյանքում կլինի որպես զուտ գրականություն և պատմություն։ Ցավոք, այն, ինչ գիտեինք դասագրքերից, տեսանք սեփական աչքերով։ Այն, ինչ թվում էր միջնադարյան խավարի, անիշխանության ամոթալի հետևանքներ, սեփական փորձով զգացինք մեր ու մեր հայրենիքի վրա՝ այսօր։
Ու հիմա մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե ով և ինչպես հանձնեց Անին, ինչպես կործանվեց Կիլիկիան, ինչու ողբով իր պատումն ավարտեց Խորենացին, ինչու մեկուսացավ Կոմիտասը, ինչպես մեր Մեծ Հայքը ծվեն-ծվեն եղավ՝ պարսիկների, բյուզանդացիների, օսմանցիների միջև։
Դա արեցին բոլոր ժամանակների նիկոլները՝ աննաների, արարատները՝ մխիթարների, ալենները՝ հովոների հետ։ Նրանք տարբեր ժամանակներում կրել են տարբեր անուններ։ Նրանց դավաճանածն էլ ունեցել է տարբեր անվանումներ։ Սկզբում Անին էր, հիմա՝ Շուշին։
Այս գիտակցումը կարող էր սխալները ուղղելու նորի սկիզբ դառնար, եթե չլիներ մի սոսկալի հանգամանք. մենք հասկացել ենք՝ ինչ է տեղի ունեցել, հասկացել ենք` ովքեր են այս տականքները և համակերպվել ենք և՛ իրավիճակի հետ, և՛ նրանց գոյության։
Ինձ սարսափեցնում է մեր հավաքական լռությունն ու անտարբերությունը թափված երիտասարդ արյան նկատմամբ։ 21-րդ դարում ուղիղ եթերով ու բոլորի աչքի առաջ, մի ամբողջ ժողովրդի խաբելով, զավակներին տարել են թուրքի յաթաղանի տակ կոտորել ու դրանից հետո անխռով փորձում են ապրել և իշխել Հայաստանում: Եթե դուք դա կարդայիք պատմության դասագրքում, կհասկանայի՞ք։ Կարծում եմ՝ ոչ։
Իսկ հիմա հենց դա՛ է տեղի ունենում։ Անտարբերություն և ամոթալի անգործունեություն։ Այսպիսի հավաքական իռացիոնալիզմն ու անթասիբությունը, հավատացե՛ք, իսկապես արտառոց է ցանկացած ժամանակաշրջանի ցանկացած ժողովրդի համար։
Ես վտահ եմ, որ հրապարակելով Արարատ Միրզոյանի կրկնագործակալ լինելու փաստաթուղթը՝ ես արել եմ ոչ ճիշտ, ոչ էլ սխալ, այլ՝ անհրաժեշտ և արդար բան:
Գուցե հակադարձեք, որ պետության շահը չի ենթադրում գործակալական ցանցի լյուստրացիա։ Բայց պետություն այլևս չկա։ Չկա իշխանություն ու այդ և մի շարք այլ պատճառներով չկա ընդդիմություն։ Ցավոք, չկա նաև ապստամբություն: Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում, որոնց հանդուրժում են ցավից կուրացածները, տգիտությունից խլացածները և պատասխանատվությունից վախեցողները։
Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու։ Ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ։ Առաջ ունեի, որովհետև ունեինք պետություն, որի շահը վեր էր ամեն ինչից ու ամենքից: Բայց այլևս պետություն չունենք: Եվ պետությունը վերականգնելու համար հայ ժողովուրդը պետք է անի ընդամենը մեկ քայլ. ոնց բերել ու պահել է նիկոլներին, այդպես էլ պիտի հեռացնի:
Ժողովրդական սերը պիտի դառնա ժողովրդական ատելություն, ժողովրդի քվեն պիտի վերցվի և ազգային համաձայնությամբ Նիկոլը և ոհմակը պիտք է պատժվեն: Եվ ժողովուրդը պիտի ընդունի՝ սխալվել է և իրեն իշխանավոր կարգել ժողովրդի թշնամիներին: Ու երբեք, երբեք 2018-2020 թթ. չպիտի մոռացվեն։
Ամեն անգամ, երբ մոռանաք ու փորձեք համակերպվել, հիշեք, որ ծափահարում էիք ու կանչում էիք մարդուն, ով զոհեց մեր տղերքին, ծախեց մեր հայրենիքը, հանձնեց մեր գյուղերը։ Ամեն անգամ, երբ վճարում եք հարկեր, հիշեք, որ այդ փողերով թուրքի լամուկը մարդ էր պահում, որ իր ընտանիքը պաշտպանի և իր տունը մաքրի։ Ամեն անգամ, երբ խոսում եք հների, նորերի և ապագայի մասին, հիշեք, որ աշխարհը զարմացած մեզ էր նայում ու լավագույն դեպքում՝ հեգնում։
Ես նկատում եմ, որ աստիճանաբար ռեինկարնացիա է լինում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը։ Ցավոք, ի տարբերություն 20-րդ դարի, այս դեպքում, գործ ունենք իսկապես ժողովրդի ու պետության թշնամիների հետ՝ բառի ամենաուղիղ իմաստով։
Ու որքան գնում է ժամանակը, այդ թշնամիների ցանկն ավելանում է։ Որքան երկար մնան նիկոլենք իշխանության, այնքան երկար նրանց սերունդները կկրեն «ժողովրդի թշնամու» պիտակը։ Իսկ այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն։
Ցանկը՝ շարունակելի…
Մնացածը՝ շուտով»,- գրել է Մինասյանը։