«Սերժը եկավ՝ իր հետ բերելով նույնը, ինչ եղել էր 100 տարի առաջ, որովհետև հեղափոխության արդյունքում կատարվեց նույն ցեղասպանությունը»․ Միքայել Մինասյան
«2015 թվականին Վատիկանի Սանտա Մարտա կեցավայրում հանկարծակի հանդիպեցին երկու ընկեր՝ Խորխե Մարիա Բերգոլիոն, որն աշխարհին ավելի հայտնի է Ֆրանցիսկոս Պապ անունով և Առաքելական եկեղեցու Արգենտինայի առաջնորդը՝ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։ Դուք պետք է տեսնեիք, թե ինչպես ուրախացավ Ֆրանցիսկոսը, երբ մարդկանց մեջ տեսավ Գիսակ սրբազանին։ Դուք պետք է նաև տեսնեիք մարդկանց պլշած աչքերը, թե՝ սա ո՞վ է՝ ում տեսնելով Հռոմի պապը ՝ մարդ, ով սրբություն է համարվում կաթոլիկ աշխարհում և անհասանելի բարձունք, գոռալով՝ «Իմ ընկեր»՝ գրկախառնվեց և սեղմեց նրան։ Կանցնեն տարիներ, ես վստահ եմ, որ գաղտնազերծված փաստաթղթերով բոլորս կիմանանք, թե Գիսակ սրբազանն ինչ դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում»,-այս մասին ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նրա խոսքով՝ 2015թ․Գաբրիել Ջամբարջին և ընկերները ֆինանսավորեցին Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի թանգարանային մասի վերանորոգումը, արդիականացումը և վերաբացումը։
«Եվ երբ բացվեց թանգարանը, Գաբրիելը, կանգնած հյուրերի մեջ, հուզված նայում էր, և ես վստահ եմ, որ նա խոսում էր ծնողների հետ՝ իրենց պատմելով, որ ինքն արել է այն, որպեսզի մարդիկ տեսնեն և հիշեն, թե ինչից են փախել և հրաշքով փրկվել իր ծնողները։ …Որպեսզի մարդիկ հիշեն և չմոռանան, թե ինչ կատարվեց 100 տարի առաջ, երբ մորթվեց, սպանվեց, տեղահանվեց ավելի քան 1,5 միլիոն մարդ։ 2015թ. շատ հայտնի և համեստ գործարար Ալբերտ Ավդոլյանն իր պատրաստակամությունը հայտնեց՝ ֆինանսավորելու մի շարք միջոցառումներ։ Նա աներևակայելի գործ է արել և այսօր էլ անում է Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Կանցնեն տարիներ և բոլորս կիմանանք, թե ինչ ահռելի ներդրում ունի նա ՀՀ անվտանգության համակարգի մեջ։ Բայց դուք երևի կհիշեք Ալբերտի անունը, երբ Նիկոլ Փաշինյանի ոհմակը, շոու սարքելով դիվանագիտական անձնագրերից՝ հայտարարեցին, որ Ալբերտի՝ ՀՀ նախկին իշխանությունների կողմից տրված դիվանագիտական անձնագիրն էլ են նրանից հետ վերցրել։ Ալբերտը չնեղացավ, նա շարունակեց ծառայել իր ժողովրդին։ Նա վճարեց 1,2 միլիոն դոլար՝ մի նվերի համար, որը Հայաստանին «մատուցել էր» մեկ ուրիշ սփյուռքահայ՝ Սերժ Թանկյանը։
Որովհետև այն, ինչ մեզ մատուցվեց որպես պատմական նվեր՝ կհիշեք 2015թ․System of a Down-ի և Սերժ Թանկյանի համերգը Հանրապետության հրապարակում, Հայաստանի և հայ ժողովրդի վրա արժեցել է 1,2 միլիոն դոլար։ Մի քիչ թանկ է նվերի համար, բայց ինչևիցե… այդ գումարը վճարել էր Ալբերտ Ավդոլյանը։ Բոլորս գիտենք Սերժ Թանկյանի «նվերի» մասին, բայց երբեք չենք լսել Ալբերտ Ավդոլյանի կողմից ֆինանսավորված այդ նվերի մասին։ Անգլերեն խոսք կա՝ «գրպանային ծախսեր»։ Դրանք փողեր են, որոնք ենթակա չեն պատճառաբանության։ Պայմանագրում System of a Down-ի շահերը ներկայացնող կազմակերպությունը ներառել է 273,000 դոլար՝ որպես «նվեր անող» տղաների գրպանային ծախսեր։
Մենք բոլորս ծանոթացանք հեղափոխության սիմվոլ Սերժ Թանկյանի հետ։ Սերժ Թանկյանին բոլորն ինքնամոռաց կանչում էին՝ մոռացել էին Գիսակ սրբազանին, Գաբրիել Ջամբարջիին, Ալբերտ Ավդոլյանին։ Բոլորը գոռում էին՝ ո՞ւր ես, Սերժ, արի՛ և փրկի՛ր մեզ, և Սերժը եկավ՝ իր հետ բերելով նույնը, ինչ եղել էր 100 տարի առաջ, որովհետև հեղափոխության արդյունքում կատարվեց նույն ցեղասպանությունը՝ ուրիշ ձևով․խոնարհվեցին եկեղեցիները, թալանվեցին վանքերը, սպանվեցին հայեր, մորթվեցին և գլխատվեցին տղամարդիկ և կանայք, դատարկվեցին գյուղեր և քաղաքներ, նույնիսկ գերեզմաններ, իսկ Սերժ Թանկյանը երջանիկ շարունակում է ապրել իր ռանչոյում»,-նշեց Միքայել Մինասյանը։