«Եթե վստահ լինեին, որ «Իմ քայլից» ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, Նիկոլ Փաշինյանը հանգիստ խղճով հրաժարական կտար». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ Sputnik Armenia-ի եթերում արած պնդմանը, թե իր տպավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ, քանի որ վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա, հակադարձեց.

««Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է ընտրությունների և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասում է վարչապետի հրաժարականին: Հայաստանում ընտրություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը ցրվի: Ինչպես տեսնում եք՝ առաջին նախապայմանը վարչապետի հրաժարականն է: Այսինքն՝ հենց նա հրաժարական տա, կսկսվի գործընթաց՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման: Եթե նա ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա օր առաջ հրաժարական կտար, և կկազմակերպվեին արտահերթ ընտրություններ: Մենք պատրաստ ենք այդ ընտրություններին և սպասում ենք նրա հրաժարականին, որ մասնակցենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պնդել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք կողմ կքվեարկեն, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրի: Լենա Նազարյանն իր հարցազրույցում բացառել էր դա: Էդմոն Մարուքյանը վստահ է՝ եթե «Իմ քայլում» վստահ լինեին, որ իրենց թիմից Մարուքյանի օգտին քվեարկողներ չեն լինի, ապա Նիկոլ Փաշինյանը արդեն հրաժարական տված կլիներ:

«Այն հանգամանքը, որ վարչապետը հրաժարական չի տալիս, որ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, դա պայմանավորված է նրանով, որ իրենք գիտեն, որ ես առաջադրվելու եմ վարչապետի պաշտոնում, հետևաբար, եթե վստահ լինեն, որ ոչ ոք չի ընտրի ինձ վարչապետի պաշտոնում, ապա հանգիստ խղճով հրաժարական կտար, կցրեր խորհրդարանը և կգնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների:  Քանի որ չունի այդ վստահությունը, և տիկին Նազարյանը նույնպես չունի այդ վստահությունը, նրանք չեն գնում այդ ճանապարհով և չեն տալիս հրաժարական, որ ցրվի խորհրդարանը: Գիտեն, որ հրաժարական տալու պարագայում ես առաջադրվելու եմ՝ որպես վարչապետի թեկնածու, և խորհրդարանում կազմակերպվելու է քվեարկություն: Եթե վստահ լինեին, որ այդ քվեարկությունը տեղի չի ունենա, ապա շատ վաղուց հրաժարական տված կլինեին և կցրեին խորհրդարանը, կկազմակերպեին արտահերթ ընտրություններ: Ակնհայտ է, որ իրենց շահերից է բխում արագ ընտրություններ անելը, որովհետև եղած ռեյտինգը կկապիտալիզացնեին, բայց դա չեն անում, որովհետև գիտեն, որ ես առաջադրվելու եմ: Սա է ամբողջ խնդիրը, հետևաբար, որ ասել է, թե վստահ է, որ ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, եթե վստահ լինեին, կրկնում եմ, հրաժարականը տեղի կունենար, և կտեսնեինք՝ քվեարկո՞ւմ են, թե՞ չեն քվեարկում: Քանի որ իրականում վստահ չեն ու այն, ինչ-որ ասում են, դա իրականություն չէ, դրա համար էլ հրաժարական չի տալիս վարչապետը, իսկ ես սպասում եմ այդ հրաժարականին, որ գնանք արտահերթ ընտրությունների, բայց մինչ այդ, բնականաբար, ես կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, և տեղի կունենա քվեարկություն: Եթե վստահ են, որ այդ քվեարկությունը չի կայանալու, ուրեմն ի՞նչ խնդիր կա, օր առաջ պետք է հրաժարական տա, և կազմակերպեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Տեսանյութեր

Լրահոս