GPS-ով աշխարհում ոչ մի տեղ սահմաններ չեն որոշվում. սահմանները որոշվում են և մտցվում են GPS և ոչ թե GPS-ով են որոշվում. Վազգեն Մանուկյան

«Պատերազմը կարելի էր կանխել, պատերազմին եթե մեր բանակը պատրաստ լիներ, այդ ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել: Նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, եթե կարգուկանոն լիներ, եթե կարողանային ճիշտ կարգավորել բանակի աշխատանքը, մենք այդ կորուստները չէինք ունեենա: Ի սկզբանե, մի քանի օրից հետո, երբ վատ վիճակով էր գնում ռազմական ընթացքը և հնարավոր էր, և պետք էր պատերազմը կանգնեցնել. առաջարկություններ եղել են, և մենք պատերազմը կարող էինք կանգնեցնել ավելի շուտ՝ ավելի քիչ կորուստներով:

Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք՝  դավաճանության թե հիմարության պատճառով՝ դա առանձին հարց է»,- Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի  միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ նկատելով, որ իր նշած փաստերն արդեն վկայություններով ապացուցված են:

Անդրադառնալով պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարությանը՝ Վազգեն Մանուկյանը վստահեցրեց.

«Ես կարծում եմ, որ նույնիսկ այդ վիճակում այդ հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենապաստ, զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն, առևտուր չի արել այդ փաստաթուղթը լավացնելու: Ավելին՝ մանրամասն հետևելով ռազմական գործողություններին, Ալիևի հայտարարություններին, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվությանը, մի բան կարող եմ պնդել, որ ամսի 8-9-ի կողմերն արդեն ադրբեջանական բանակն ինքն էլ պահանջ ուներ դադարի: Զինամթերքն իրենց մոտ շատ էր, զինվորները շատ էին, բայց իրենց մոտ էլ կար բավականին մեծ հոգնածություն և ներքին դժգոհություն Ադրբեջանի ներսում, այսինքն՝ դա այն վիճակն էր, որ մենք կարող էինք լուրջ առևտուր անել, ու շատ նվաստացուցիչ կետեր այդ եռակողմ հայտարարության մեջ չէին լինի:

Եղավ այդ եռակողմ հայտարարությունը, մի կողմից, իհարկե, լավ է, պատերազմը վերջացավ, բայց փաստաթուղթը կործանարար խայտառակություն էր մեր ժողովրդի, մեր պետության համար: Մենք կորցրինք հազարավոր երիտասարդներ, նույնիսկ, կարծում եմ, ավելի շատ՝ քան հաղթանակ բերելու ժամանակ:

Մենք ունենք հարյուրավոր գերիներ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում՝ գերի լինել Ադրբեջանում, սարսափում եմ՝ պատկերացնելով նրանց մի մասի վիճակը, մինչև հիմա այդ գերությունից մարդիկ կան, որ չեն կարողացել վերադառնալ: Մենք կորցրել ենք մեր բանակը, ջարդված է մեր բանակը, մենք կորցրել ենք միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք, ունենք տնտեսական հսկայական կորուստներ: Այսինքն՝ կործանարար խաղաղության մեջ մենք մտանք:

Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այնքան վրդովված և ստորացված էր իրեն զգում այս վիճակից, որ միանգամից պահանջում էր՝ պետք է անպայման հեղափոխություն, հեղաշրջում անել, մի բան անել, բայց ազատվել այս իշխանությունից:

Բայց կա մեր ժողովրդի մեջ մի հատված, որոնք ասում են՝ ճիշտ է,  ինքը լավ ղեկավար չի, ինքը տանուլ տվեց, բայց հիմա պատերազմը, փառք Աստծու, վերջացել է, եկեք կամաց-կամաց գնանք առաջ, ճանապարհները կբացվեն, առևտուր կանենք, կգնանք առաջ, սակայն  իրենք չեն զգում, որ նույնիսկ փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է:

Պայմանագրի առաջին կետում գրված էր, որ մենք հանձնում ենք Քելբաջարը և Լաչինը, իսկ մնացած տեղերում զորքը կանգնում է այն տեղում, որտեղ կանգնած է:  Զանգեզուրի, Սյունիքի դեմ մեր զորքը կիլոմետրերով առաջ էր կանգնած, Նիկոլ Փաշինյանի հրամանով զորքը հետ էր վերադարձել, և մենք արդեն պրոբլեմ ունենք Սյունիքի սահմանների վրա:

Սահմանները որոշվում են GPS-ով. GPS-ով աշխարհում ոչ մի տեղ սահմաններ չեն որոշվում,  սահմանները որոշվում են և մտցվում են GPS և  ոչ թե GPS-ով են որոշվում:   Եվ մենք դրանով կորցնում ենք մեր սահմանները, այսինքն՝ Հայաստանը շարունակում է սեղմվել և փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս