«Երևանի քաղաքապետը ինչո՞ւ է շարունակաբար այլ երկրում գույք ձեռք բերում». Դավիթ Խաժակյան

«Երբ ցուցադրեցին նոր ձեռք բերված գազելները, վրան մի քանի կտոր ինչ-որ դիզայն էին արել, և պարզապես ապշեցի, որ ինչ-որ մեկի մտքով անցել է այս պահին 24 մլն դրամ հատկացնել մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով: Գնումը լինելու է մեկ անձից գնման ձևով: Ես դրա մասին բարձրաձայնեցի, որովհետև մեր հասարակությունը պետք է իմանա, թե քաղաքապետարանի ուշքն ու միտքն ինչն է, իսկ դա սովորական PR ակցիայի տեսակ է լինելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ օրերս Խաժակյանը գրառում էր կատարել այն մասին, որ սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին՝ 100 գազելներ մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ արձակուրդից վերադառնալուց հետո Մարությանը կցանկանա նկարահանվել այդ գազելների ֆոնին և ուզում է, որ դրանք զարդարված լինեն.

«Այսինքն՝ այդ մարդու ուշքն ու միտքն այս նեղ պահին էլ իր PR-ն է: «Երևան» հիմնադրամի միջոցները սուղ են, և հատկապես՝ այս պատերազմական օրերին, համավարակի օրերին, հիմնադրամը տարբեր մարդկանց, հիմնականում՝ քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր այս կամ այն իրադրության մեջ տուժում էին, նրանց գումար էր հատկացվում հիմնադրամից: Դա մեծ գումար չէր, մի քանի հարյուր հազար դրամի կարգի մեկանգամյա գումար էր: Եվ իրականում «Երևան» հիմնադրամի միջոցները մեծ չեն: Ինչո՞ւ նրանք որոշեցին հենց «Երևան» հիմնադրամով դա անել. որովհետև այլ հնարավորություն՝ արագ հասցնելու, երբ այդ մեքենաները կդրվեին շրջանառության մեջ և մարդկանց աչքը շոյեին այդ զարդարանքով, չկար: Ընդ որում՝ պատճառաբանում են, թե նոր մեքենաներ են, բա գեղեցիկ տեսք չունենա՞ն: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, կարո՞ղ է մենք տարբեր մոլորակներից ենք, ո՞ր քաղաքային տրանսպորտի վրա կա այդպիսի թաղանթապատում: Սա քմահաճույք է, ընդ որում՝ քմահաճույք, որը մեկ մեքենայի հաշվով այնպիսի մեծ թիվ է կազմում, որը դեռ պետք է հասկանալ՝ ինչպես է այդ գինը գոյացել»:

Նա ընդգծեց՝ քաղաքապետն ունի առավելագույնը 4 ամիս՝ ձգձգելու իրենց խմբակցության ներկայացրած՝ կառավարության և վարչապետի հրաժարականով պահանջի քննարկումը.

«Ես հույս ունեմ, որ Փաշինյանը ավելի շուտ հրաժարական կտա, քան այդ 4 ամիսը կլրանա: Ո՞րն էր իմ նպատակը, որպեսզի այն հերթական նիստին քննարկվի, դրա համար ես առաջարկեցի այն դնել քվեարկության՝ շատ լավ իմանալով, որ իրենք կաշկանդվածություն ունեն դրա վերաբերյալ: Որովհետև եթե տեսել եք՝ ավագանու այն անդամները, որոնք ջանք չէին խնայում Ֆեյսբուքում գրառումներ կատարել, լայքել և այլն, հիմա բոլորն անցել են իրենց գործերին և չեն ցանկանում տեսակետ հայտնել: Ասեք՝ սատարո՞ւմ եք ձեր վարչապետին, ձեր կուսակցության առաջնորդին, բաց ասեք, ինչո՞ւ եք ամաչում: Եթե ամաչում եք, ինչո՞ւ չեք ասում, որ նա պետք է հրաժարական տա: Սա նշանակում է, որ, երբ մենք խոսում էինք, որ ավագանին քաղաքական մարմին է և պետք է ակտիվ դերակատարում ունենա, այսպիսի ավագանի՝ իր անկազմակերպվածությամբ չի եղել, ես սա ասում եմ՝ աշխատելով նախորդ ավագանու կազմում: Շատ հաճախ հանրապետականներին ասում էին՝ կնոպկա սեղմող, բայց «Իմ քայլի» մեր գործընկերներին ասել եմ, որ` դուք անգամ կնոպկա սեղմողներ չեք. այս ավագանին 65 հոգանոց կազմ ունի, քվորումը հնարավոր է ապահովել 33 հոգով, բյուջեն և կարևոր փաստաթղթեր ընդունվել են 33 հոգու քվորման դեպքում: Նախորդ գումարման ավագանիում ես չեմ հիշում դեպք, որ 60-ից պակաս ավագանու անդամ ներկայանար: Եթե դա իրենց կողմից հարգանք էր քաղաքապետի նկատմամբ, թող դրանով պայմանավորված լիներ, թող պայմանավորված չլիներ նրանով, որ իրենք հետաքրքրված են այդ նախագծերով, բայց հիմա դա էլ չկա, և մենք պետք է հասկանանք, թե ո՞ւր ենք գնում»:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ մամուլն ամեն անգամ հենց այնպես չէ, որ գրում է Հայկ Մարությանի սպասվող հրաժարականի մասին.

«Ամեն անգամ այդպիսի խոսակցություններ լինում են, որովհետև Մարությանը պարբերաբար դիմում է Փաշինյանին, ասում, որ՝ ես այլևս չեմ ցանկանում աշխատել, Փաշինյանն էլ ասում է՝ մի քիչ էլ դիմացիր: Հիմա նա մեկնել է երկարատև արձակուրդ, Հայաստանո՞ւմ է, թե՞ Չեխիայում՝ չգիտեմ, բայց մի բան կարող եմ ասել. ես չեմ սիրում մարդկանց միջոցները հաշվել, բայց եթե նա Երևանի քաղաքապետ է, եկեք՝ գոնե դրան անդրադառնանք:

2019թ. Մարությանների ընտանիքը ձեռք է բերում նոր անշարժ գույք՝ Չեխիայի Հանրապետությունում: Ես մտածում եմ, որ, եթե դու մայրաքաղաքի քաղաքապետ ես, և պլաններդ քո երկրում ապրելն է, ո՞րն է իմաստը անընդհատ, շարունակաբար նոր գույք ձեռք բերել երկրից դուրս: Դա նշանակում է, որ դու քո ապագան այդ երկրի հետ պարզապես չես կապում: Կան խոսակցություններ, որ Փաշինյանի և Մարությանի հարաբերությունները լարված են, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այս անկայուն իրավիճակում Փաշինյանի համար ծանր որոշում կլինի ասել Մարությանին, որ նա աշխատանքից ազատվի, և ընտրվի որևէ ավագանու անդամ՝ քաղաքապետի կարգավիճակում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս