«Այս մարդը պոկ չի գալիս իր աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման». Իշխան Սաղաթելյան
2018-ին Հայաստանում իշխանության եկան մի խումբ մարդիկ, որոնց գործունեության արդյունքում և որոնց ամենօրյա կազմակերպված և գիտակցված աշխատանքով քայքայվեց հայկական բանակը, թուլացրվեց մեր ազգային դիմադրողականությունը, երկիրը բերեցին և կանգնեցրեցին պատերազմի առաջ: Հայրենիքի փրկության շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Պատերազմի ամբողջ ընթացքում ցուցաբերեցին անգործություն, դավաճանություն, ջլատեցին, թշնամանք սերմանեցին մեր հասարակության մեջ, որի արդյունքում մենք կորցրեցինք Արցախի 70 տոկոսը, տվեցինք 5000-ից ավելի զոհ, ունեցանք 10.000-ից ավելի վիրավոր: Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը կնքելուց հետո մենք հենց առաջին օրերին հայտարարում էինք, որ այս իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավելի իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,- նշեց նա:
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ իրենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և առաջարկել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ նախ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անցումային ժամանակավոր կառավարություն ձևավորվի, որը պետք է մեկ տարվա ընթացքում լուծի երկրի համար կարևոր խնդիրներ: Իսկ այդ կառավարությունը պիտի լինի պրոֆեսիոնալների կառավարություն՝ կազմված իրենց գործին գիտակ, իրենց ոլորտներում հաջողած մարդկանցից: Իսկ լուծվող խնդիրներից առաջնայիններից պիտի լինի հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելը, երկրորդ՝ արագ ձեռնամուխ պիտի լինեն հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
«Այսօր մեր երկիրն անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, ադրբեջանցի բլոգերը՝ Կապանում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,- շեշտեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ ժամանակավոր կառավարությունը պետք է արագ հարաբերությունները կարգավորի ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ, պետք է ունենալ վստահելի գործընկերություն:
Ըստ Սաղաթելյանի՝ պետք է կանխել նաև պետական ապարատի քայքայումը:
«Մեր երկրին սպասում է սոցիալ-տնտեսական աղետ, և սա չափազանցություն չի: Այս կառավարության գոյության դեպքում սա շատ կարճ ժամանակ հետո դառնալու է իրականություն: Ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի նաև դա՝ կանխել այդ աղետը: Այս մարդու իշխանության օրոք չեն լինելու ներդրումներ, մեր տնտեսությունը գնալով փլուզվելու է, բանկային համակարգը կործանվելու է: Այս մարդը հանուն իր աթոռի պատրաստ է վերջնականապես մեր երկիրը տանել դեպի անդունդ»,- ընդգծեց Սաղաթելյանը: