Թուրքիան հունվարի վերջին որոշել է ՌԴ-ի հետ քննարկել C-400-ի հետագա մատակարարումները
Թուրքիայի իշխանությունները պլանավորում են հունվարի վերջին Ռուսաստանի հետ քննարկել C-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր հետագա մատակարարումների հարցը: Այդ մասին հունվարի 15-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նա պարզաբանել է, որ Անկարան պլանավորում է «բազմաթիվ հարցեր քննարկել, այդ թվում՝ նաեւ այս հարցը»:
Էրդողանը նախազգուշացրել է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում է ընդունելու մատակարարումների հարցի վերաբերյալ եւ չի պատրաստվում ԱՄՆ-ից թույլտվություն վերցնել դրանց համար: Թուրքիան արդեն Ռուսաստանից գնել է չորս դիվիզիոն C-400: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հաղորդել էր, որ Ռուսաստանն այդ պարտավորագիրը կատարել է վաղաժամկետ, Թուրքիային մատակարարելով C-400 համակարգի բոլոր բաղադրիչները, ներառյալ հրթիռները:
Մոսկվան Անկարային մատակարարել է 2,5 մլրդ դոլարի C-400 համակարգեր, պարտավորագրի մի մասը ձեւակերպվել է որպես վարկ: 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հաղորդվել է, որ Թուրքիան ամբողջությամբ փակել է ՌԴ-ի հետ հաշիվները C-400-ի մատակարարումների դիմաց, պարտավորագիրը փակված է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: