Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցվել է ԱԺ նախագահին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ապրլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ բաղկացած 97 էջից, ուղարկվել է արդեն ԱԺ նախագահին։
«Մենք խախտել էինք ժամանակացույցը, ելնելով ստեղծված իրավիճակից, նաև կանոնակարգ օրենքի հետ կապված մի փոքր տեխնիկական խնդիրներ կային։ Մենք արդեն տեսել ու քննարկել ենք իրավաբանական բաժնի հետ, թե այդ խնդիրների առկայության դեպքում ինչպես անենք, որ զեկույցը հասանելի լինի բոլորին։ Կարծում եմ՝ այդ զեկույցը հիմա էլ շատ կարևոր է, որպեսզի օր առաջ ուսումնասիրվի, և եթե այս պատերազմը չլիներ, լավ կլիներ, որ բոլորն էլ իմանային, թե ինչ թերությունների մասին է խոսքը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ ինչ կա զեկույցում, որ կարող է փոխկապակցված լինել այսօրվա պատերազմի հետևանքների հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ավելի լավ է այսօր չխոսեն այս պատերազմի հետևանքների մասին՝ դեռ վաղ է։
«Այնտեղ կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել, և եթե պատերազմը չլիներ, դասեր քաղած կլինեինք, որովհետև գոնե հիմնական հարվածային ուղղությունների, դրանց զարգացման հաջորդ պատերազմի հնարավորությունների դեպքում տեսանելի էր»,- շեշտեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս պատերազմի հետ կապված ևս քննիչ հանձնաժողով ստեղծվի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ խոսում են, թե պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, կամ արտախորհրդարանական հանձնաժողով, և այլն, սակայն ճիշտ չի համարում այս պահին նման հանձնաժողովի ստեղծումը։
«Ես ասում եմ, որ այս ամենը բերելու է քաղաքականացման, և չքաղաքականացնելու հիմնական ձևը որոշակի դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելը, նաև դրանով պետք է զբաղվի պաշտպանական գերատեսչությունը, որտեղ արդեն եղել են կադրային փոփոխություններ»,- շեշտեց նա։