
Բնակարանային գողություններ՝ Կարբի և Ղազարավան գյուղերում

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին հունվարի 12-ին և 13-ին:
Քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով հունվարի 12-ին բաժին բերեցին Ղազարավան գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի:
Բացատրական աշխատանքի շնորհիվ և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ դեկտեմբերի վերջերին գաղտնի մտել էր համագյուղացու տուն և հափշտակել ոսկյա խաչ, որը գրավադրել էր: Պարզվել է նաև, որ նույն ամսին մեկ այլ համագյուղացու տնից գողացել էր դրամապանակ` 60 հազար դրամով, իսկ դեռևս անցած ամռանը գողություն էր արել նաև իրենց փողոցում կայանված մի մեքենայից։ Տուժած քաղաքացիներից, որոնք մինչ այս չէին դիմել ոստիկանություն, ընդունվել են հաղորդումներ:
Նույն բաժանմունքների աշխատակիցների համատեղ ձեռնարկումներն արդյունք տվեցին նաև հունվարի 13-ին: Խոսքը կրկին գողության մասին է, որի վերաբերյալ կրկին հաղորդում կամ ահազանգ չէր եղել:
Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի կին, որը ապացույցների առկայության պայմաններում խոստովանեց, որ հունվարի 3-ին, ցերեկվա ժամը մեկի սահմաններում, հրել-բացել էր Կարբի գյուղի մի բնակչուհու տան պատուհանի փեղկը, մտել ու հափշտակել էր երկու բջջային հեռախոս, վարսահարդարիչ և հագուստ: Այս դեպքով գողոնի մեծ մասը հայտնաբերվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։