Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքերում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ

Հարգելի Հայրենակիցներ՝ սույն թվականի հունվարի 15-ի դրությամբ կատարված թեսթավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքերում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ:

Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հիշյալ համայնքների բնակիչների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել համայնքների հաստատված օջախներում, այդ թվում ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18184 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել մասնագետների ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

Տեսանյութեր

Լրահոս