Նախագծի քննարկումը մեկ ամսով հետաձգվեց. զորահավաքներից խուսափելու համար կլինեն խստացումներ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Այն ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է՝ Ազգային ժողովը որոշակի մեխանիզմներ է կիրառում, ըստ որի՝ 27 տարին լրացած անձինք, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, որոշակի գումար են վճարում, որի դիմաց ազատվում են քրեական հետապնդումից։
«Մենք որոշեցինք դադարեցնել նման մոտեցումը և հարցին տալ համակարգային մոտեցում, որի համար նախաձեռնեցինք փոփոխությունների փաթեթ, որի հիմքում այն է, որ այս խնդիրը ստանա այնպիսի լուծում, որպեսզի բանակը դրանից իր կարողություններն ավելացնի, նաև լուծվի անձանց Հայաստան վերադառնալու խնդիրը, հնարավորություն տրվի, որպեսզի նրանք քրեական հետապնդումից ազատվեն, այլև լիարժեք մասնակցություն ունենան մեր երկրի խնդիրների լուծմանը, ընդհուպ՝ երկրի կառավարմանը մասնակից լինելով»,- հանձնաժողովի նիստում ասաց Ա. Քոչարյանը։
Նա նաև ընդգծեց, որ հարցը լրամշելու կարիք ունի, քանի որ Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, և ՊՆ-ում կադրային փոփոխություններից հետո նոր ռազմավարության մշակման խնդիրներ կան։
Նրա կարծիքով՝ կպահանջվի մոտ մեկ ամիս, որպեսզի հանձնաժողովին ներկայացնեն այն իրավակարգավորումները, որին շատերը սպասում են։
«Ես առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգենք, քանի որ նախատեսված են հետևյալ փոփոխությունները։ Հայտարարված վարժանքից խուսափելու համար, հավաքից խուսափելու օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվում է կալանքով առավելագույնը երեք ամիս ժամկետով։ Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը, այդ ծառայությունից խուսափելու օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում պատժվում է ազատազարկմամբ՝ 2-6 տարի ժամկետով։ Այսինքն՝ մենք գնում ենք խստացումների զորահավաքներից խուսափելու համար»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։