«Այդ երիտասարդը թող պատասխանի, թե ինչու էր Աբովյանի ՕՄՕՆ-ը և նրան կցված ՄՈԲ-ը հետ նահանջում». Ազատամարտիկը՝ Արգիշտի Քյարամյանին
Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն «անհայտ ծագման մի անձնավորություն է, որը հրաժարվել է սեփական հորից»։
«Նա 5-6 տարվա ընթացքում շարքային քաղմասի քննիչից դարձել է ԱԱԾ տնօրեն, հասկացեք՝ ինչպես»,- ասաց նա։
Անդրադառնալով Ա. Քյարամյանի հայտնի հարցազրույցին, որտեղ նա ասել էր, թե «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր տղաների հետ միասին լքել է դիրքերը, Զոհրաբ Ավետիսյանը մանրամասնեց, որ հոկտեմբերի 3-ին հասել են Շուշի՝ 50-60 հոգի անձնակազմով, որտեղ զորախումբն ընկել է ակտիվ ռմբակոծության տակ։
«Մենք տեղավորվել էինք որոշակի վայրում, տեղավորվելուց հետո հայտնվում է ոչ զինվորական կոչում ունեցող մի վարորդ և ասում, որ՝ պետք է գնաք ինչ-որ իքս դիրքեր։ Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞վ է, ասաց, թե իրեն այսինչ մարդն է ուղարկել և ասել, որ շտապ պետք է տեղակայվեք այդ դիրքերում։ Մենք ասացինք, որ մեզ հրաման կարող է տալ կա՛մ պարոն Վանեցյանը, կա՛մ էլ Գլխավոր շտաբի հրամկազմը։ Ընդ որում, վայրը, որտեղ մեզ ասել էր, որ գնանք՝ տեղակայվենք, չուներ ո՛չ քարտեզ, ո՛չ հետախուզական տվյալներ, այդ օրն էլ շատ խիտ մառախուղ էր, որևէ բան չէր երևում»,- ասաց գնդապետը։
Ազատամարտիկ Հրահատ Մխեյանն էլ ասաց, որ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը, մեկ շաբաթ հետո եկել է Հայաստան և, դիմելով Գլխավոր շտաբին՝ ասել, որ իր հետ բերել է հատուկ նշանակության ջոկատ և պատրաստ է գործողություներ իրականացնել թշնամու թիկունքում․ նրան պատասխանել են, որ սպասի։
«Մեկ շաբաթ հետո գնացի, հարցնում եմ՝ եղբայր, ի՞նչ եղավ, ես դրսից 30 հոգի բերել եմ, այդ մարդկանց ի՞նչ անեմ, պատասխանեցին, թե՝ մենք ձեզ ոչնչով օգնել չենք կարող։ Ստիպված գնացինք Պաշտպանության բանակ, հանդիպեցինք Ջալալ Հարությունյանին, նա ասաց, որ՝ պատրաստվեք, եկեք, մենք տիրություն կանենք, եկանք Հայաստան, տեսանք, որ մեզ որևէ մեկը չի ընդունում։ Ես կարդացի, որ Արթուր Վանեցյանը զորախմբով մեկնում է Արցախ, գնացել եմ նրա մոտ, պատմել եմ մեր մասին, նա մեզ ընդգրկել է իր զորախմբում»,- նշեց նա։
Նրա խոսքով, երբ Արցախում տեսել է, թե Իսագուլախի և Լիսագորի ճանապարհին որտեղ են դիրքավորել տղաներին, հարց է առաջացել, թե ինչո՞ւ են հենց այդտեղ դիրքավորվել։
«Իմ խմբով գնացել եմ առաջ, հետախուզել եմ ամբողջ տարածքը, վերադառնալով՝ մոտեցել եմ պարոն Վանեցյանին ու ասել եմ, որ ռազմավարական կառուցվածքով այս դիրքերը, որոնք փորել են, նրանց թիկունքը բաց է, երկու դիվերսանտ մոտենան, բլինդաժներում մտած տղաների վրա նռնակ նետեն, մարդ չի մնա։ Պայմանավորվեցինք, որ այդ տղաներին պետք է հետ քաշել ավելի ճիշտ դիրք՝ դեպի Շուշի գնացող, Լիսագոր գնացող ճանապարհը լրիվ ազատել։ Այդ երիտասարդը, Արգիշտի Քյարամյանը թող նայի աչքերիս ու պատասխանը տա, թե ինչու էր Աբովյանի ՕՄՕՆ-ը և նրան կցված ՄՈԲ-ը հետ նահանջում»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում