«Այս պահին դեռևս հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են հստակ իմ կողմից համակարգվելու». Պաշտպանության փոխնախարար
Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի խոսքով՝ քննություն է անցկացվում Արցախում հակառակորդի կրակոցի հետ կապված, որի ժամանակ հայ զինծառայող էր վիրավորում ստացել։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ հակառակորդի կողմից հրադադարի խախտման պատճառով էր տեղի ունեցել դեպքը։ Ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը։
Հարցին՝ դեպքի մասին ռուս խաղաղապահներին տեղյակ պահե՞լ են, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հորդորեց իրեն հարցեր տալ այն դեպքերի հետ կապված, որոնց մանրամասներից տեղյակ է։
«Ուզում եմ տեղեկանաք, ես այս պահին դեռևս հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են հստակ իմ կողմից համակարգվելու, ոլորտային կարգավորումները դեռևս այս պահին հստակեցված չեն։ Ընդհանուր ծանոթանում եմ Պաշտպանության նախարարության այն խնդիրներին, որոնք ես իմ ծառայության բերումով կարող եմ ճիշտ ընկալել և աշխատանքում արդյունավետ կիրառել»,- նշեց Արման Սարգսյանը։
Անդրադառնալով Պաշտպանության նախարարության շենք մուտք գործած գերության մեջ հայտնված զինծառայողի ծնողին՝ Արման Սարգսյանն ասաց, որ նրան չեն ձերբակալել, որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց խնդիրներն օր առաջ լուծվեն։