«Հարսանիքը չի եղել իմ ազատման պատճառը». Նախկին ոստիկանապետ
Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանապետի պաշտոնից իր հեռացման պատճառներին և նոր պաշտոնին նշանակվելու հանգամանքներին։
«Ինքս շուրջ 25 տարի ծառայել եմ ՀՀ ոստիկանությունում և իմ տված նախկին հարցազրույցներից մեկում ևս պնդել եմ, որ ինչ կարգավիճակով էլ լինի, անգամ առանց աշխատանքի՝ կծառայեմ երկրին։ Այսինքն՝ ինձ համար որպես սկզբունք՝ դրված չէր, որ, եթե ես եղել եմ ոստիկանության պետ, ապա չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք։ Գուցե շատերի համար դա ընկալվի այլ կերպ, բայց ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում, առավել ևս այս փուլում՝ հետպատերազմյան շրջանում, ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ծառայել Պաշտպանության նախարարությունում։
Ոստիկանության պետի և՛ նշանակումը, և՛ պաշտոնավարումը, նաև ազատումը պայմանավորված է, այսպես ասեմ՝ վարչապետի ենթակայությամբ որպես ծառայող մարմնի ղեկավար, իմ աշխատանքի գնահատականը տվել է վարչապետը։ Ազատման պատճառների վերաբերյալ եկեք չխոսենք, պարզաբանումների կարիք չկա, գուցե իրադարձությունների համընկնում։ Ասեմ, որ հարսանիքը չի եղել իմ ազատման պատճառը։ Ինձ համար սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով ծառայել հայրենիքին։
Գուցե ինքս որոշակի խնդիրներ լավ չեմ լուծել ոստիկանապետի պաշտոնում, ենթադրում եմ՝ կորոնավիրուսի հետ կապված»,- ասաց Արման Սարգսյանը։
Ըստ նրա՝ չնայած ոստիկանապետ աշխատելու շրջանում մամուլն իր գործունեությունը ոչ օբյեկտիվ է ներկայացրել, եղել են հրապարակումներ, որոնց մեջ բացակայել են իրականության հիմքերը, սակայն կարող է ասել, որ մեծ ներդրում է ունեցել ոստիկանության կազմման առումով։ Նույնը պատրաստվում է անել նաև Պաշտպանության նախարարությունում, գիշերուզօր ծառայելու է, որպեսզի օգուտ բերի պետությանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով օգոստոսին Արման Սարգսյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից։