ԱԺ պաշտպանության հանձնաժողովում Տիգրան Կարապետյանին փոխարինեց Հայկ Կոնջորյանը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է, որպեսզի հանձնաժողովի նախկին անդամ Տիգրան Կարապետյանին փոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, և այդ առաջարկն ընդունվել է։
«Ես Հայկ Կոնջորյանին ներկայացրել եմ նաև ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում՝ որպես պահեստային անդամ, և որևէ մեկի բացակայության ժամանակ նա լիարժեք կմասնակցի այդ աշխատանքներին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ՀՀ նախկին ոստիկանապետ, պաշտպանության նորանշանակ փոխնախարար Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 18-ին, որի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու ենք հզոր ռազմարդյունաբերություն, և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը»:
Նշենք, որ նրա մանդատը վայր դնելու պատճառը եղել է Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ հայկական բոլոր շահեկան դիրքերը Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի բանավոր համաձայնության արդյունքում հանձնվեցին թշնամուն։