«Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում»․ Արման Աբովյանը՝ Էդմոն Մարուքյանի հնարավոր թեկնածությունը պաշտպանելու մասին

«Մենք հասել ենք նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք պատեհ պահի կողմ կքվեարկեն, և մեր թեկնածուն կդառնա վարչապետ։ Հենց Նիկոլ Փաշինյանը տա հրաժարական, առաջարկելու ենք Էդմոն Մարուքյանին վարչապետի պաշտոնում. կրկնում եմ՝ «Իմ քայլում» կգտնվեն 24 պատգամավոր, որոնք կողմ կքվեարկեն Էդմոն Մարուքյանին, ժամանակը կգա՝ կտեսնեք։
«Բարգավաճ Հայաստանը» ևս կողմ կքվեարկի, կրկին՝ կգա ժամանակը՝ դա էլ տեսնենք»,- երեկ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

168.am-ը թեմայի առնչությամբ հարցադրումներ հղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից.

– Ես կարդացի պարոն Գորգիսյանի հայտարարությունը՝ առ այն, որ «Իմ քայլի» պատգամավորները և «Բարգավաճ Հայաստանը» Էդմոն Մարուքյանի թեկնածությունը կպաշտպանեն, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում։ Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի պարոն Գորգիսյանից պարզաբանում ստանալ:

– Պարոն Գորգիսյանն արդեն մեզ մոտ հարցազրույցի ժամանակ ասել է՝ վստահ է, որ «Բարգավաճ Հայաստանը», Էդմոն Մարուքյանի՝ վարչապետ առաջադրվելու դեպքում կողմ կքվեարկի:

– Ես կրկնեմ, առաջին անգամ եմ լսում, կարծում եմ, պարոն Գորգիսյանից պետք է պարզաբանում ստանաք:

– Ձեր թեկնածուն շարունակում է մնալ Վազգեն Մանուկյա՞նը:

– Մեր՝ 17-ի ֆորմատի, մեջ դեռ ոչ մի փոփոխություն չկա: Բոլոր գործընթացները մեզ մոտ թափանցիկ են, բաց են, և կհորդորեմ պաշտոնական լրատվությանը հետևել:

– Առանձին բանակցություններ եղե՞լ են ԼՀԿ-ի հետ:

– Ոչ, ես տեղեկություն չունեմ:

– Դուք տեղեկություն չունեք, բայց հնարավոր է եղե՞լ են:

– Ո՛չ։ Չեն եղել, եթե լինեին, ես՝ որպես քարտուղար, տեղեկացված կլինեի:

Տեսանյութեր

Լրահոս