Բոլորովին պարտադիր չէ լցվել փողոցներ ու ավտոբուսների առաջ պառկել, որպեսզի մեզ զզվեցրած քաղաքական ուժը հեռանա ասպարեզից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է․ «Այն, ինչ կատարվում է մեր երկրում վերջին 2 տարիներին, եւ հատկապես այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին, բավական էր, որ ցանկացած այլ երկրում մի 5 անգամ կառավարությունը հրաժարական տար, 2 անգամ՝ երկրի նախագահը, հարյուրից ավելի պաշտոնատար անձինք «թռնեին» աթոռներից՝ որպես մեզ հասած բոլոր աղետների պատասխանատուներ։ Հարյուրավոր քրեական գործեր հարուցվեին, դատական պրոցեսներ սկսվեին։ Եվ տարբեր հարթակներում բուռն քննարկումներ գնային, որ հանրությունը փորձեր հասկանալ՝ ինչ եղավ, ինչու եղավ, ով էր մեղավոր, եւ ինչ անել այս վիճակից դուրս գալու համար։
Բայց մերն ուրիշ է, մենք միշտ տարբերվում ենք աշխարհից՝ երբեմն լավ, իսկ ավելի հաճախ՝ վատ իմաստներով։ Մենք կարող ենք ատամները սեղմած դիմանալ զրկանքներին, հանդուրժել ամենաապիկար իշխանություններին, աչք փակել աշխարհակործան սխալների առաջ, ներել աններելին ու դիմանալ։ Բայց երբ համբերության բաժակը լցվում է, այդ դարավոր վրեժն ու ատելությունը մեզ կարող են հակառակ ծայրահեղության մատնել։ Եվ մենք կարող ենք փոքրիկ զանցանք գործած պաշտոնյային խոշտանգել ու քառատել։ Կարող ենք նրան վերագրել համաշխարհային մեղքերը՝ առանց տարանջատելու նրա անհատական մեղքը կոլեկտիվ մեղքից։
Կարող ենք ատել այնքան, որ սահմանից այն կողմում կանգնած, մեր զավակներին ոչնչացնող թշնամին ավելի ընդունելի լինի մեզ համար, քան մեր կողմից մերժված հայ պաշտոնյան։ Կարող ենք տարիներ շարունակ մեր քվեն տալ անարժաններին, եւ մտքներովս անգամ չանցնի, որ իշխանափոխության քաղաքակիրթ ուղի կա՝ ընտրությունների միջոցով այս կուսակցությանը ճանապարհելը, մյուսների համար ճանապարհ բացելով։ Բոլորովին պարտադիր չէ լցվել փողոցներ ու ավտոբուսների առաջ պառկել, որպեսզի մեզ զզվեցրած քաղաքական ուժը հեռանա ասպարեզից։