
«Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաև Արցախին։
Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, ինչպես նաև Քաշմիրի և Արևելյան Միջերկրականի հարցերում։
Փաստացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը և Կիպրոսը։
Հռչակագիրը խրախուսելու է նաև փոխադարձ տնտեսական ներդրումները։
Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի և նեոօսմանիզմի, այլև պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։
Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը և հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի դեմ։
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։
Իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը»: