
Արա Այվազյանը՝ ռազմագերիների խնդրի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ և երկկողմ հանդիպումների ժամանակ հատուկ անդրադարձել է հայ գերիների խնդրին, ինչը հայկական կողմի համար առաջնային խնդիր է:
«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում, մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ու ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում: Արտաքին գործերի նախարարությունն առիթը բաց չի թողնում, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա՝ անպայման է վստահության մթնոլորտի ձևավորումը: Եվ եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մյուս խնդիրները, մենք դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել: Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին, հույս ունեմ, որ հարցը կստանա դրական լուծում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Այվազյանը:
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ հայ պաշտոնյաները պետք է Արցախ գնալիս ստանան Ադրբեջանի թույլտվությունը, Արա Այվազյանն ասաց, որ դրա հետ կապված՝ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել և չի կարող դնել հայ պաշտոնյաների արտասահմանյան այցերին դեպի Արցախ և որևէ տարր չի պարունակում կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Հետևաբար՝ մենք ադրբեջանական կողմին հրավիրում ենք առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից, և եթե նրանք իսկապես պատրաստ են բնականոն հարաբերությունների հաստատման Հայաստանի և Արցախի հետ, պետք է միասին աշխատենք Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման շուրջ»,- եզրափակեց Արա Այվազյանը: