Ցավոք, իմ ամբողջ ունեցվածքը երկրորդ անգամ ես կորցրեցի. Քարվաճառցի 10 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի
Մհեր Գասպարյանի 10 հոգանոց ընտանիքը, որն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և տարածքներն օկուպացնելուց հետո ստիպված է եղել լքել Քարվաճառը, օգնության կարիք ունի՝ հիմնականում գումարի և սննդի տեսքով:
«Ունեմ 3 աղջիկ, 2 տղա և 2 թոռնիկ: Մեզ հետ Ջրվեժում վարձով տանը նաև փեսաս է բնավում: Սեպտեմբերի 27-ին ընտանիքիս տեղափոխել եմ Արտաշատ, հետո՝ Ջրվեժ: Այստեղ տան համար վճարում ենք 200.000 դրամ: Ստիպված ենք այդքան վարձ վճարել, քանի որ այս պահին այլ ելք չկա, ընտանիքը մեծ է: 5 անչափահաս երեխա ունեմ՝ չհաշված թոռնիկներս: Աշխատում եմ, բայց չեմ կարողանում անգամ տան վարձը հասցնել վճարել, այս ամիս միայն կոմունալների համար 100.000 դրամ ենք վճարել՝ ընկերների օգնությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Գասպարյանը:
Նրա փոխանցմամբ՝ դեռևս չեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրից, քանի որ ասել են՝ Քարվաճառի շրջանը հերթի մեջ է, համբերեք, այս կամ այն շրջանին ենք հիմա տալիս:
Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ՝ սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300.000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար:
«Միայն օգտվել ենք Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68.000 դրամ միանվագ աջակցությունից և հավաքել, վարձն ենք տվել: Հիմնականում ունենք սննդի կարիք, տան վարձը, կոմունալները վճարելու հետ կապված խնդիրներ: Կա նաև ձմեռային տաք հաքուստի, կոշիկների, անկողնային և հիգիենիկ պարագաների կարիք»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ հնարավորության դեպքում կվերադառնա՞ Արցախ, մեր զրուցակցիը պատասխանեց. «Ինքս բնիկ գյումրեցի եմ, հետո գնացել և որպես զինվորական՝ 21 տարի ապրել եմ Քարվաճառում: Ցավոք, իմ ամբողջ ունեցվածքը երկրորդ անգամ ես կորցրեցի, հիմա չեմ կարծում, որ կվերադառնամ»:
Ընտանիքին կարող եք օգնել՝ գումար ուղարկելով նշված հաշվեհամարին, որը Մհեր Գասպարյանի անունով է՝ Հայբիզնեսբանկ 5175 9600 0025 8536: