Փաշինյանը կանգ չի առնում. սպասե՞լ պատասխանի

ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանին արտահերթ Հ1 ուղարկելը պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով. պատերազմի նախօրեին և պատերազմի օրերին կատարվածը բանահյուսությունից վերածվում է կոնկրետ մեղադրականի, կոնկրետ հանցագործության պատմության։ Երեք հարց, որոնք Փաշինյանին ուղեկցելու են ողջ կյանքում, իսկ կյանքից հետո՝ պատմության դասագրքերում.

ա/ Ինչու՞ բանակցությունները դիտավորյալ բերվեցին փակուղի

բ/  Ինչու՞ պատերազմը շուտ չկանգնեցվեց

գ/  Ի՞նչ դավաճանական սխեմա է գործել

Այս հարցերն արդեն բանահյուսություն չեն, սրանք ամեն հայի տուն մտած մտքեր են, որոնք իրավաբանների և նախկին ուժայինների գրագետ քայլերի շնորհիվ ստացել են իրավական ձևակերպում։ Սրանից փախուստ այլևս հնարավոր չէ։

Սա գիտակցելով՝ Փաշինյանը Հ1է ուղարկում իր եզակի «մահապարտներից» մեկին՝ ասելու բաներ, որոնք ուրիշները ոչ մի պայմաններում չէին ասի։

Ա. Քյարամյանը Շուշիի անկման հարցում մեղադրում է ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանին։ Հիշեցնենք, որնույնը պատերազմից անմիջապես հետո արել էր Փաշինյանը, իսկ հաջորդ օրը նույն հարցում մեղադրել Ծառուկյանին։ Կողմնակի հայացքի համար կարող է ծիծաղելի թվալ, որ պետության ղեկավարը, որը տիրապետում է կազմակերպված բանակի ռեսուրսներին, ռազմավարական օբյեկտի պաշտպանության հարցով հանկարծ հարձակվում է կամավորական ջոկատի ղեկավարի վրա, որը մեծ հաշվով կարող էր ընդհանրապես որևէ տեղ չգնալ։ Ցանկացած բանական մարդու համար դա ծիծաղելի կլիներ, սակայն մթագնած գիտակցությամբ իշխանության համար սա դարձել է արդեն սովորական գործելաոճ։

Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա նման բան անում, ո՞րն է նրա մոտիվացիան. Պատասխանը մեկն է՝ վախը։ Նա հորինում է վարկածներ, գտնում իր նման անհեռանկարային դեմքի և ուղարկում Պետոյի մոտ։ Ինչո՞ւ է Քյարամյանը համաձայնում իր վրա վերցնել  մի բան, որի համար անպայման պատասխան է տալու։ Պատասխանը դարձյալ պարզ է՝ ելք չունի։ Նա և Փաշինյանը կապված են նույն շղթաներով, իսկ հետո՝ ձեռնաշղթաներով։

Բայց կա մեկ այլ հարց, որն ավելի հետաքրքիր է։ Երբ դու մեկի դեմ նման կեղտոտ պատվեր ես իջեցնում, ապա պետք է հասկանաս, որ այդ մեկը ստանում է բոլոր բարոյական իրավունքները՝ քեզ ցավոտ պատասխանելու։ Տվյալ դեպքում այդ մեկը ԱԱԾ նախկին տնօրեն է. Հետևաբար՝մարդ, ով տիրապետում է անհռելի տեղեկատվության և չունի սուտ հորինելու խնդիր, ընդամենը կարող է ճշմարտության թղթապանակից  հանել որևէ դրվագ և խնդրել ինչ-որ մեկին որևէ հեռուստաընկերության եթերից պատմել կամ հրապարակել որևէ մեդիայում։

Կա տպավորություն, որ Փաշինյանը չարաշահում է Վանեցյանի մասնագիտական և ինչ-որ տեղ՝ մարդկային կոդեքսները։ Ի վերջո,  «Կանգ առ»-ի հայտնի կոչից հետո հանրությունը Վանեցյանից ակնկալում էր բացահայտումներ, փաստացի տվյալներ՝ երկրում ընթացող սողացող կազմաքանդման կամ նույնիսկ սողացող դավադրության մասին։ Մի բան, որ այդպես էլ չարվեց։ Ինչ-որ տեղ Փաշինյանի պատվերի և Քյարամյանի լկտի ստի մեղավորը հենց Վանեցյանն է. նրա՝ քայլ չանելը թույլ տվեց, որ այսօր պարտված և ազգային աղետ հեղինակած զույգը կարողանում է եթեր պլանավորել և կեղծիք տարածել։ Եվ նրանք դա անելու են այնքան, որքան թույլ կտան դիմացինները։

Ժամանակները ֆորսմաժորային են, և դա պահանջում է որոշակի սկզբունքների վերանայում։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս