Փաշինյանն այդ հարցերը չի կարող լուծել, որովհետև ինքն ընկճված մի մարդ է. Հարութ Սասունյան
«Ես մեծ մտահոգությամբ եմ հետևում Հայաստանի անցուդարձին և կարծում եմ, որ այդ խառնակ վիճակը պետք է շարունակվի մինչև վարչապետ Փաշինյանի հրաժարականը, քանի որ հող կորցնող և զինվորներ կորցնող վարչապետը չի կարող պաշտոնի վրա մնալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա նկատում է, որ, եթե նույնիսկ ֆուտբոլի խմբի պարտության դեպքում է մարզիչը հեռանում կամ հեռացվում, ապա երկրի ղեկավարի պարագայում՝ որքան ավելի է այդ պատասխանատվությունը. «Իսկ երբ երկրի ղեկավարն է այդքան մեծ կորուստների պատճառ եղել, անշուշտ, պետք է հասկանա դա և ինքնակամ հեռանա՝ չսպասելով, որ որևէ մեկը պահանջի կամ ճնշի:
Ինքը պետք է անմիջապես հեռանար նոյեմբերի 10-ից հետո, բայց շարունակում է մնալ աթոռին և անընդհատ ասում է՝ ես ուզում եմ լուծել այս հարցերը, բայց ինքն այդ հարցերը չի կարող լուծել, որովհետև ինքն ընկճված մի մարդ է, որը պարտություն է կրել»:
Մեր խնդրանքով անդրադառնալով մոսկովյան եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին՝ Հարութ Սասունյանը նկատեց, որ իր խոսքի սկզբում ասվածի լավագույն վկայումը հենց այդ հանդիպումն էր. «Երկու հարց պետք է քննարկեին՝ մեկը՝ գերիների հարցը, և մյուսը՝ տրանսպորտի ապաշրջափակման, բայց տեսանք հայտարարությունը. հայտարարության մեջ մեկ բառ չկա գերիների մասին, միայն ճանապարհների մասին, որը Թուրքիայի և Ադրբեջանի շահն է:
Փաշինյանն ասում է, թե հնարավոր չէ մեկ ժողովով հարցերը լուծել, մի ուրիշ անգամ, բայց ուրիշ անգամը ե՞րբ է. ուրիշ անգամը հաջորդ օրը չէ՝ ամեն օր չէ, որ Փաշինյանը, Ալիևը և Պուտինը պետք է հանդիպեն, խոսեն: Հաջորդ անգամը կարող է լինել ամիսներ հետո, իսկ այդ գերիների ընտանիքներն ուղղակի խենթանում են, թե իրենց զավակը, ամուսինը, հայրն ինչ եղան:
Ես զարմանում եմ՝ երբ նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրվեց, շատ հստակ ժամկետներ էին դրվել հողերը հանձնելու համար, բայց ոչ մի թվական չկար գերիներն ազատագրելու համար: Սա հսկա բացթողում էր և մեծ սխալ Փաշինյանի կողմից, որ չի պնդում, թե գերիները, օրինակ, երեք օրից վերադարձվեն կամ փոխանակվեն:
Հաջորդը՝ այդ ճանապարհների ապաշրջափակման մասին. Դժբախտաբար, պարոն Փաշինյանն այն տպավորության տակ է, որ այդ ճանապարհները շատ լավ բան են Հայաստանի համար, և Հայաստանի տնտեսությունը կքաջալերեն, բայց սա էլ սխալ մոտեցում է, քանի որ այդ Նախիջևանի և Ադրբեջանի ճանապարհը, որ թուրքերը պետք է օգտագործեն և այդտեղից գնան մինչև այլ թրքական հանրապետություններ, թուրք ղեկավարների, պանթուրանական երազն է: Դժբախտաբար, մեր վարչապետը համաձայնել է՝ այդ երազն իրականանա»:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այսօր Հայաստանում կա այն ուժը, որը կկարողանա ստանձնել հեռացող իշխանության թողած ծանր բեռը՝ հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, թե՝ «ո՞վ պիտի գա», մեր զրուցակիցը վստահեցրեց՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում կան հազարավոր հայեր, որոնք կարող են ղեկավարել Հայաստանը.
«Անընդհատ լսում ենք, որ եթե վարչապետը հրաժարվի, «հներն» են գալու. մենք ունենք մոտ երեք միլիոն ժողովուրդ, նրանք բոլորը պատկանում են կա՛մ հներին, կա՛մ այսօրվա իշխանությա՞նը. ուրիշ մարդ չկա՞ Հայաստանում:
Մենք ունենք հարյուր-հազարներով մարդիկ, որոնք իշխանության չեն եղել անցյալում և հիմա էլ իշխանության չեն, ունենք նաև միլիոնավոր մարդիկ, որոնք ապրում են Սփյուռքում և կարող են օգտակար լինել մեր հայրենիքին, եթե հայրենի իշխանությունները միայն խոսքից անցնեն գործի և օգտագործեն այդ ներուժը, որն ունենք Սփյուռքում:
Ունենք հոյակապ մասնագետներ, գիտնականներ, դիվանագետներ, որոնք երբեք չեն հրավիրվում Հայաստան՝ իրենց ներդրումը բերելու հայրենիքին՝ հակառակ նրան, որ վարչապետը 2.5 տարի անընդհատ ասում է՝ օրենքը կաշկանդում է՝ սփյուռքահայը, ՀՀ քաղաքացի չլինելով, չի կարող աշխատել: Ասում է՝ այդ օրենքը պետք է փոխվի, բայց 2.5 տարի է, եթե պետք է փոխվի, ինչո՞ւ չի փոխել այդ օրենքը, իր կուսակցության մեծամասնությունն է, որ Ազգային ժողովում է և կարող էր մեկ օրում այդ օրենքը փոխել ու արտոնել, որ սփյուռքահայերը գան և աշխատեն. դա էլ լուրջ բացթողում է»:
«Ոչ մի մարդ անփոխարինելի չէ: Ոչ մի երկիր չի եղել, որ մի ղեկավար պաշտոնից հեռանա, և այդ երկիրը մնա առանց ղեկավարի. Հայաստանն էլ նույնն է: Վստահ եմ՝ ունենք հազարավոր կարող անձեր Հայաստանում և Սփյուռքում, որոնցից որևէ մեկը կամ մի խումբ կարող է ղեկավարել Հայաստանը և փոխարինել:
Նրանք, որ ասում են, թե չեն ուզում՝ «հները գան», դա պատճառաբանություն է, որովհետև իրենք պաշտպանում են Փաշինյանին, իսկ նրանք, ովքեր ասում են՝ ո՞վ կարող է Փաշինյանին փոխարինել, դա էլ է պատճառաբանություն, որպեսզի Փաշինյանին պաշտպանեն՝ ոչ թե մարդ չկա իրեն փոխարինող»,- վստահեցրեց Հարութ Սասունյանը: