«Հիմա մեզ համար կարևորն այն է, որ ադրբեջանցիների ու հայերի շփում չլինի, նրանք ավտոմատով կանգնում են ճանապարհներին,  ցուցանակներ են դնում՝ սա  սադրանք է». Որոտանի գյուղապետ

Սյունիքի մարզի Որոտան գյուղի ղեկավար Սուրեն Օհանջանյանի խոսքով՝ իրենք դիմել են Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանը և գրեթե բոլոր պատկան մարմիններին, որպեսզի նրանք  զբաղվեն այն տարածքների հարցով, որոնք հայկական տարածքներ են, բայց փոխանցվել են ադրբեջանական կողմին, և պետք է ապացուցեն, որ դրանք հայկական են։

«Մենք մեր ունեցած դակումենտներով ապացուցում ենք, որ դրանք հայկական տարածքներ են, բայց դրանք սահմանը որոշում են այդ GPS-ով ու չգիտեմ ինչ զահրումարով, մի տեղ ասում են՝ 14 թվի քարտեզով են առաջնորդվում, մի տեղ՝ 18 թվականի կամ 1974 թվականի, ինչպես իրենց հարմար է, այնպես էլ չափում ու ասում են, թե սա մերն է։ Մենք կառավարությունից խնդրել ենք, ասել ենք, որ իրենք բանակցեն, այլ ոչ թե մենք բանակցենք։ Կառավարությունից պետք է բանակցեն, դիվանագետ լինի, քարտեզները բերեն, ապացուցեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանը։

Ըստ նրա՝ այս ամենի հետևանքով  մարդիկ հոգեկան ապրումների են ենթարկվում, հետևաբար՝ ամեն ինչ պետք է կարգավորվի այնպես, որ ադրբեջանցիների հետ որևէ շփում չլինի։

Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տունը գյուղում կառուցվել է 1958 թվականին, կադաստրը բոլոր փաստաթղթերը տվել է, որ տունը կառուցվել է հայկական հողում, հիմա հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդ տունն էլ, հողն էլ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Սա եմ ուզում հասկանամ, ինչպե՞ս է ստացվում, որ ԽՍՀՄ-ի ժամանակ կադաստրը նման փաստաթուղթ է տալիս, մարդիկ իրենց հողի վրա շենք են կառուցել, բայց հիմա եկել-ասում են՝ դուրս եկեք։

Հիմա մեզ համար կարևորն այն է, որ սահմանին ադրբեջանցիների ու հայերի շփում չլինի, որովհետև նրանք ավտոմատով կանգնում են ճանապարհներին, ցուցանակներ են դնում ճանապարհներին, սա  նրանց կողմից սադրանք է, այդքանը մտածված են անում, որ հայերն էլ մի բան անեն, ու սադրանք տեղի ունենա։ Սրանով նրանք ուզում են ցույց տալ, թե՝ նայեք, հայերը սադրանքների են դիմում»,- հավելեց նա։

Նա վստահ է, որ սադրանքներ լինելու են. անհնար է՝ սահմանի մի կողմում ադրբեջանցին կանգնած լինի ու որևէ կերպ սադրանքների չդիմի հայերի նկատմամբ։

«Կարծում եմ՝ մեր օրինական քարտեզներով որ նստեն-բանակցեն, գնան Մոսկվա՝ Պուտինի մոտ նստեն կամ այլ մարդու ու ապացուցեն, որ դրանք մեր տարածքներն են, մի բան կլինի։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Պուտինին էլ այս ամենը հասնի, որ այդ տարածքները մերն են։ Ո՞նց կհասկանաք, եթե այդ հարցերով միայն գյուղապետը զբաղվի, կառավարություն ունենք, կառավարությունը պետք է զբաղվի»,- եզրափակեց  Սուրեն Օհանջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս