Անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խանութ-արհեստանոցի հետնամասի պատուհանը
Հունվարի 11-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ Եղեգնաձորի ոսկու խանութից մարդ է փախչում։
Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խանութ-արհեստանոցի հետնամասի պատուհանը, գողացել մոտ 400 000 դրամի արծաթյա զարդեր և, տեսնելով ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժնի ոստիկանին, դիմել էր փախուստի։
Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժնի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Հերմոն գյուղի 27-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածվողը, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Մեքենայի սրահից հայտնաբերվեցին 238 կտոր՝ ընդհանուր 1,4 կգ քաշով արծաթյա զարդեր։
Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։
Պարզվել է նաև, որ նա հունվարի 11-ին պատուհանով մտել էր Մոմիկի փողոցի գեղեցկության սրահ և փող կամ արժեքավոր իր չգտնելով՝ հեռացել էր։
Տուժողներից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։