Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում զինվորականները չհեռացրին Փաշինյանին իշխանությունից. ի՞նչ է հուշում աշխարհի փորձը
Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտված ղեկավարին իշխանության թողնելը ոչ պակաս խայտառակություն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտվելը:
Փորձենք վերլուծել այս հարցը՝ հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը:
Ինչո՞ւ և ինչպես են իրականացվում ռազմական հեղաշրջումները այլ երկրներում
Ռազմական հեղաշրջումները բնորոշ են զարգացման անցումային փուլում գտնվող շատ երկրներին:
Երկարատեև տնտեսական, քաղաքական ճգնաժամը, այն հաղթահարելու քաղաքացիական կառավարության անկարողությունը, երկրի մասնատման վտանգը և խրոնիկական քաղաքական անկայունությունը բանակի միջամտության հիմնական աղբյուրներն են: Այս ճանապարհով են անցել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և նույնիսկ որոշ եվրոպական երկրներ:
Թայվանը և Հարավային Կորեան, Սինգապուրը և Ֆիլիպինները, Թայլանդը և Կամբոջան, Ինդոնեզիան և Պակիստանը, Բիրման ու Բանգլադեշը, Իրաքը և Սիրիան, Ալժիրը, Եգիպտոսը և Լիբիան, Նիգերիան, Սոմալին, Եթովպիան, Գանան, Զաիրը, Սենեգալը, Չադը, Տանզանիան, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Պերուն, Ուրուգվայը, Պարագվայը, Հայիթին, Դոմինիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Հոնդուրասը, Գվատեմալան, Կուբան և այլն:
Այս ճանապարհը չի շրջանցել նույնիսկ Եվրոպան: Հունաստանը, Թուրքիան, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը և նույնիսկ Ֆրանսիան 20-րդ դարի հիսունականների վերջին:
Միայն երկրորդ աշխարհամարտից հետո տեղի է ունեցել ավելի քան 500 խռովություն և հեղաշրջում:
Ռազմական հեղաշրջումները խոր հետք են թողել այդ երկրների ու ժողովուրդների կյանքում՝ թե՛ դրական, և թե՛ բացասական իմաստով:
Ե՞րբ են կատարվում ռազմական հեղաշրջումները
Բանակը շատ հաճախ կատարում է պետական հեղաշրջում այն պահին, երբ պետության ղեկավարը բացակայում է երկրից:
Հեղաշրջումները լինում են երկու ձև: Առաջինը, այսպես կոչված, «միասնական հրամանով», երբ քաղաքացիական իշխանության դեմ դուրս է գալիս ողջ բանակը՝ իր հրամանատարության գլխավորությամբ:
Երկրորդ ձևն այն է, երբ հեղաշրջման է մասնակցում բանակի մի մասը կամ բանակի սպաները, սակայն ոչ հրամկազմը:
Առաջին ձևը կյանքի է կոչվել ավելի զարգացած երկրներում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Թուրքիայում, Չիլիում և այլն:
Երկրորդը կիրառվել է ավելի հետամնաց երկրներում՝ Իրաքում, Ալժիրում, Աֆրիկյան երկրների մեծ մասում և այլն:
Դրակա՞ն, թե՞ բացասական դեր են կատարում այդ հեղաշրջումները
Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ եղել են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություններ:
Օրինակ, Ուրուգվայի, Արգենտինայի զինվորականները հետ գցեցին իրենց երկրների զարգացումը, իսկ ահա Չիլին կարողացավ դուրս գալ ճգնաժամից հենց գեներալ Պինոչետի հեղաշրջման արդյունքում:
Նույնը Եվրոպայում էր․ գեներալ Սալազարը դրական անցումային դեր կատարեց Պորտուգալիայի համար, իսկ ահա Հունաստանի «սև գնդապետները» միշտ վատ են հիշվելու, քանզի նրանց ժամանակ Կիպրոսն օկուպացվեց Թուրքիայի կողմից:
Նույն Թուրքիայում չորս անգամ բանակը վերցրել է իր ձեռքը իշխանությունը և դրական լիցք է տվել երկրի զարգացման համար:
Լեհաստանում, գեներալ Յարուզելսկին վերցնելով իշխանությունը, փաստացի փրկեց երկիրը խորհրդային ռազմական ներխուժումից:
Խիստ աղետալի էին ռազմական հեղաշրջման հետևանքները Զաիրում, Բիրմայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Իսկ երբեմնի ծաղկող Ուրուգվայը ռազմական հեղաշրջումից հետո հայտնվեց խոր ճգնաժամի մեջ:
Որո՞նք են ռազմական հեղաշրջումների լեգիտիմ հիմնավորումները
Ռազմական հեղաշրջումները կատարվում են երեք գործոնների արդյունքում.
Առաջին
Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը՝ անարդար ընտրության արդյունքում:
Երկրորդ
Երբ իշխանության են գալիս ուժեր, ովքեր սկսում են խախտել երկրի սահմանադրական և գաղափարական կարգերը: Օրինակ, Թուրքիայում և Եգիպտոսում, երբ օրինական կարգով իշխանության եկան իսլամիստները, որոնք, սակայն, փորձում էին փոփոխել երկրի աշխարհիկ կարգը:
Երրորդ
Երբ իշխանությունը անկարող է դառնում պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Օրինակ, ԽՍՀՄ-ի վերջին տարվա ընթացքում, երբ ԳԿՉՊ-ն փորձեց իշխանությունից հեռացնել Գորբաչովին:
Հեղաշրջումները կատարում են սովորաբար քաղաքականացված բանակները, որոնք ի վիճակի են ոչ միայն կիրառել բռնի գործողություններ, այլև լուծել ոչ ռազմական, քաղաքական բնույթի խնդիրներ:
Ռազմական հեղաշրջումներ կատարվեցին նաև մեր տարածաշրջանի երկրներում:
Օրինակ, Վրաստանում Գամսախուրդիան իշխանությունից հեռացվեց Թենգիզ Կիտովանիի և Ջաբա Իոսելիանիի զինված խմբավորումների ճնշման արդյունքում, երբ պարզ դարձավ, որ Գամսախուրդիան, փաստացի կորցնելով Հարավայի Օսիան, չկարողացավ պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Նույնը կատարվեց Ադրբեջանում Էլչիբեյի հետ: Պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանի զինվորականները՝ Սուրեթ Հուսեյնովի գլխավորությամբ, սկսեցին Էլչիբեյի իշխանության հեռացման գործնթացը: Պատճառը նույնն էր: Էլչիբեյը պարտվել էր պատերազմում և ուրեմն նա պետք է հեռանար իշխանությունից:
Ի՞նչ հեղաշրջման փորձեր են կատարվել Հայաստանում և ինչո՞ւ
Թեև դասական իմաստով ռազմական հեղաշրջում Հայաստանում չի կատարվել, այնուամենայնիվ, դրա «թավշյա» տարբերակները մեր երկրի քաղաքական կյանքում արձանագրվել են:
1996-ին երկրապահը թույլ չտվեց, որ ընտրություններում փաստացի պարտված Տեր-Պետրոսյանը հեռացվի իշխանությունից:
1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ երկրի ուժային կառույցները փաստացի մերժեցին Տեր-Պետրոսյանի այդ տարբերակը: Արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որից հետո նույն երկրապահի ճնշմամբ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Կարելի է ասել, որ այդ ժամանակ երկրում իրականացավ «թավշյա» բնույթի հեղաշրջում, որն աջակցություն ստացավ հանրության ճնշող մեծամասնության կողմից:
Հայաստանում քաղաքականացված բանակի դերը կատարում էր երկրապահը:
Նույն երկրապահն էր սպառնում արդեն հեղաշրջում կատարել 1999-ին՝ հոկտեմբերի 27-ից հետո:
Վերջապես, 2008-ին նույն երկրապահը կրկին սպառնում էր պետական հեղաշրջում կատարել այն ժամանակվա իշխանության դեմ:
Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը դատավարական գործողություններ սկսեց թե՛ Մանվել Գրիգորյանի դեմ, ով սպառնում էր 2008-ին զինված հեղաշրջում իրականացնել, թե՛ այն գործիչների դեմ, ովքեր կանխեցին 2008-ի զինված հեղաշրջման փորձը:
Պարզ էր, որ փաշինյանական ֆեմիդան փորձում էր պատժել միաժամանակ և՛ այն մարդկանց, ովքեր կանխեցին զինված հեղաշրջումը, և՛ այն Մանվել Գրիգորյանին, ով ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կամ չցանկացավ իրականացնել այդ հեղաշրջումը 2008-ին: Իհարկե, Գրիգորյանին մեղադրում էին այլ հոդվածներով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ նրան պատժում էին հենց 2008-ի համար:
Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Երկրապահի գործոնը վերջնականապես չեզոքացվի: Քանզի հիշում էր նրա դերը թե՛ 1996-ին, թե՛ 1998-ին, և թե՛ 2008-ին:
Հավանաբար, կանխազգալով ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման այս տարբերակը, նա էն գլխից որոշեց փաստացի վերացնել երկրապահին՝ որպես ինստիտուտ: Եվ արդյունքում ղարաբաղյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայաստանում չգտնվեց քաղաքականացված որևէ ուժային կառույց, ով հաշիվ կպահանջեր Փաշինյանից:
Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում ուսադիր կրող դաս, ովքեր երդում էին տվել Հայաստանի Հանրապետությանը, փաստացի այլևս գոյություն չունի: Հայաստանն այլևս դադարել է կատարել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը, կասկածի տակ է դրվել երկրի տարածքային ամբողջականությունը, և այս ամենը զուգորդվում է ուժային կառույցների քար լռությամբ:
Լռություն, որն էլ ավելի շատ բանի մասին է հուշում և որի արդյունքում երկրից կանխատեսվելու է մարդկանց մեծ չափերի արտահոսք: Քանզի մարդիկ հասկացել են, որ այլևս չունեն անվտանգության երաշխիքներ՝ ի դեմս ուժային կառույցների, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ է դրվել Հայաստանի պետականությունը:
Եվ այս ամենի հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան, նույնիսկ անխուսափելի իշխանափոխությունից հետո:
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
politeconomy.org