Գագիկ Ջհանգիրյանը դուխ է տվել իմքայլականներին. ինչ է խոստացել նրան Խաչատուր Սուքիասյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, և ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի թեկնածությանը:
«Իսկ, ահա, դատավորներն ասում են, որ Ջհանգիրյանը ԲԴԽ կարող է գալ միայն օրենքի փոփոխության արդյունքում, և, ըստ էության, չեն ընդունի ավագ անդամին: Իսկ ինչ վերաբերում է Աժ-ում երեկ կայացած հանդիպմանը, ապա, մեր տեղեկություններով երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Ջհանգիրյանի փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Իմքայլականները հիացած են եղել Ջհանգիրյանով, հանդիպումից դուրս են եկել ապշած, որ, ի վերջո, իրենց հաջողվել է գտնել մի մարդու, որը կարողանում է խոսել «դուխով», ավելին’իրենց «դուխ» է տվել:
Ջհանգիրյանը շատ մանրամասն խոսել է Մատաղիսի դեպքերի մասին ու ներկայացրել է մանրամասներ գործից: Հարց է հնչել նաև Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որին Ջհանգիրյանը պատասխանել է, թե դրա մասին ինքը բազմիցս է իր դիրքորոշումը ներկայացրել: Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ նրան այդ պաշտոնին առաջարկել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ միասին, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Հավելենք, որ իմքայլականները երեկ 7-րդ երկնքում էին այն բանի համար, որ Ջհանգիրյանն արդեն կգնա ԲԴԽ ու բոլոր հարցերը իրենց տեղը կգցի»: