Բելգիան կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումների ռեժիմը երկարացնում է մինչև մարտի 1-ը
Սահմանափակումները, որոնք նոյեմբերի 2-ին Բելգիայում մտցվել են կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի կապակցությամբ, ինչպես ենթադրվում է՝ մինչեւ հունվարի 15-ը, երկարացվում են մինչեւ մարտի 1-ը: Այդ մասին հունվարի 12-ի երեկոյան հաղորդել են բելգիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով կառավարության Moniteur belge լրաբերը:
Նոյեմբերի սկզբին բելգիական իշխանությունները զգալիորեն խստացրել են COVID-19-ին հակազդելու միջոցառումները:
Մասնավորապես, արգելվել են բոլոր կոլեկտիվ միջոցառումները եւ կրոնական ծիսակատարությունները, սահմանափակվել է հրավիրվող հյուրերի թվաքանակը, փակվել են բարերն ու ռեստորանները. դադարեցվել են այն ծառայությունները, որոնք ենթադրում են անմիջական մարդկային շփում, բացի բժշկական ծառայություններից. որոշակի սահմանափակումներ են մտցվել սգո արարողությունների համար, խստորեն արգելվում են ուղեւորություններն արտասահման:
Պահպանվել են մի շարք արդեն գործող այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են պարետային ժամը, հեռավար աշխատանքը, հեռավար ռեժիմով բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսուցումը եւ ուրիշներ:
Հունվարի 8-ին նիստ հրավիրած բելգիական կոմիտեն, որի մեջ մտնում է դաշնային եւ տարածաշրջանային իշխանությունների ղեկավարությունը, COVID-19-ի հետ կապված սահմանափակումների ռեժիմում զգալի զիջողություններ չի նախատեսել եւ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերն արագացնելու շուրջ: Գործող սահմանափակումները մինչեւ մարտի 1-ը երկարացնելը չի նշանակում, որ դրանք չեն կարող մեղմացվել համաճարակաբանական իրադրությունից կախված, ճշտել է ներքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչը:
Բելգիայում համավարակի սկիզից ի վեր կորոնավիրուսային վարակից մահացել է 20 հազար 122 մարդ, հունվարի 12-ին հաղորդել է Sciensano հանրային առողջապահության ինստիտուտը: Ընդամենը երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 665 հազար 223 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: