«Եթե մինչև երեկ Ադրբեջանը սադրանքների դիմում էր՝ օդ կրակելով, այսօր բոլոր սահմաններն անցել են և թիրախային կրակել են զինվորի վրա». Վահրամ Պողոսյան

«Միանշանակ դատապարտելի երևույթ է, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այդ սադրիչ գործողությունը, դա միանշանակ ուղղված է տարածաշրջանում եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում ձեռք բերված կայունությունը խաթարելուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում այսօր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը կոպտորեն խախտելուն, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

«Դեպքի հետ կապված տեղեկացված է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի ղեկավարությունը, և հույս ունենք, որ գործն ամբողջությամբ կքննվի և համապատասխան գնահատականի կարժանանա: Իհարկե, անթույլատրելի են նման իրավիճակները, եթե մինչև երեկ Ադրբեջանը սադրանքների դիմում էր՝ օդ կրակելով, փորձելով վախի մթնոլորտ տարածել, այսօր արդեն բոլոր սահմաններն անցել են և թիրախային կրակել են զինվորի վրա, ինչը միանշանակ դատապարտելի երևույթ է և ցույց է տալիս Ադրբեջանի ոչ միայն ապակառուցողական դիրքորոշումը, այլև, որ խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը փորձում են ամեն կերպ տապալել»,- ասաց Վահրամ Պողոսյանը, ապա հավելեց, որ Արցախի իշխանությունն այս գործողությունը դատապարտում է, ինչպես նաև համապատասխան աշխատանքներ են իրականացնում ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ ապագայում նման սադրանքները բացառելու համար:

Հարցին՝ արդյոք, բացի Վարդան Կիրակոսյանից, այլ վիրավորում ստացած զինծառայողներ կա՞ն, որոնք թեկուզ թեթև վիրավորում են ստացել, և ՊԲ-ն նրանց մասին չի հրապարակել, Արցախի նախագահի խոսնակը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց.

«Բարեբախտաբար ուրիշ ոչ մի բան չկա, Պաշտպանության բանակն ինչ-որ տվել է՝ այդքանն է»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն արդեն մի քանի անգամ  հրաձգային զենքից կրակ է արձակել Արցախում: Հունվարի 6-ին Wargonzo-ի Ստեփանակերտի աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ հրաձգային զենքից անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում. «Մեծ մասը կրակոցներ են օդում, սակայն կրակում են նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հունվարի 7-ին 168.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:

«Այդպիսի իրավիճակ մենք ունեցել ենք նաև դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել»:

Տեսանյութեր

Լրահոս