Նռան այգիներ ունեինք, այս տարի առաջին բերքը պետք է ստանայինք, սակայն դա էլ մնաց թշնամուն. Շուշիի բնակիչն օգնության կարիք ունի
Հոկտեմբերի 30-ից 5 և 6 տարեկան փոքրիկ աղջիկների հետ Շուշին լքած Անուշ Մելքումյանի ընտանիքն օգնության կարիք ունի:
«Ժամանակավոր բնակվում ենք Երևանում, այս պահին ունենք տան կոմունալների վճարումները կատարելու խնդիր: Հայրս էլ վատառողջ է, բուժման, դեղեր ձեռք բերելու համար ևս գումար է անհրաժեշտ, ինչն այս պահին չենք կարողանում ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Մելքումյանը:
Անուշը պատմում է՝ երբ թշնամին սկսել է ռմբակոծել նաև Շուշին՝ տեսել են, որ հնար չկա ու դուրս են եկել այնտեղից, սակայն չեն պատկերացրել, որ այսպիսի վերջնարդյունք է լինելու:
«Նույնիսկ Մարտակերտի գյուղերից մեկից տատիկս ու պապիկս իրենց ապրանքների որոշ մասը բերեցին Շուշի՝ կարծելով, թե այնտեղ ապահով է: Ավտոտնակներն այդպես մեր հարազատների եղած-չեղածով լցրեցինք ապահովության համար, բայց ո՞վ կմտածեր, որ վերջում այդպես է լինելու:
Մինչ օրս շոկային վիճակում ենք, մտածում էինք, որ պետք է հետ գնանք, բայց տեսանյութերում տեսանք մեր տունը, խանութը, որ լրիվ դատարկված էր: Ահագին գումար էինք ներդրել, հագուստի խանութ էինք բացել, բայց եղավ այն, ինչ եղավ: Իսկ երեխաներս հիմա, ցավալի է, բայց օգտագործված հագուստ են կրում:
Ակնայում էլ նռան այգիներ ունեինք, 6 տարի է՝ մշակում էինք, ու այս տարի առաջին բերքը պետք է ստանայինք, սակայն դա էլ մնաց թշնամուն»,- ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով Արցախ վերադառնալու մասին՝ Անուշը նշեց, որ անպայման վերադառնալու են, սակայն այս պահին որոշ հարցեր կան:
«Արցախում չենք կարողանում վարձով տուն գտնել, բավականին թանկ են՝ 120-150.000 դրամ, մեզ այս պահին մի քիչ էժան տուն է պետք:
Ոչ մի բան չենք վերցրել մեզ հետ, ու անընդհատ ինքս ինձ մեղադրում եմ, թե ինչու մի բան չվերցրեցի: Կառավարության կողմից սոցիալական աջակցության ծրագրի համար գրանցվել ենք, բայց դեռ չենք ստացել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Ընտանիքին կոմունալ վճարումները կատարելու, դեղեր ձեռք բերելու համար դրամական օգնություն կարող եք ցուցաբերել նշված հաշվեհամարի միջոցով, որը Տարոն Մանթաշյանի անունով է. «Ամերիաբանկ» 1570024412340300: