Որևէ տեղ չտանող քարտեզը
Համարյա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դեկլարատիվ բնույթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետությունից զուրկ ու տրիվիալ ճշմարտություններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»: Երկու ամիսը բավականին երկար ժամանակ է այդ քարտեզի միջանկյալ գնահատման համար` ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշվետվություն ներկայացնել իր ետպատերազմյան ձեռքբերումների վերաբերյալ: Դե դա հասկանալի է, որևէ ձեռքբերում չկա: Պատերազմի ավարտից հետո մենք էլի զոհեր ու գերիներ ենք տվել, ինքնիշխանություն ու տարածքներ ենք զիջել, իսկ երկրի ներսում հանրային լարվածությունը շարունակում է աճել…
Այդ «քարտեզ» կոչվածի առաջին կետն ասում է. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ (ուղղագրությունը՝ Ն.Փ.-ի)»: Բանակցությունների հարցն, իրապես, ամենակարևորն է: Վերջիվերջո, 2020 թ. պատերազմը բռնկվեց, որովհետև օրվա իշխանությունները ձախողեցին բանակցությունները, այն բանակցությունները, որ Փաշինյանն, իր իսկ խոսքերով, սկսել էր «սեփական կետից»:
Ցավով արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններ չկան: Ֆորմալ առումով` Մինսկի խումբը կա, բայց բանակցություններ չկան: ՄԽ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները դեկտեմբերի 13-14-ին այցելեցին Ադրբեջան ու Հայաստան: Ալիևը նրանց երեսին հայտարարեց, որ անկոչ հյուրերին Բաքու չէր հրավիրել, բայց դե եթե եկել են, լավություն է անում ու հանդիպում է: Ինչի՞ մասին համանախագահները խոսեցին Հայաստանում, հայտնի չէ: Պաշտոնական ինչ-որ բան հրապարակվեց, բայց հրապարակման մեջ որևէ էական բան չկար: Բայց էական է, որ նույնիսկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ծիծաղելի պատճառով հրաժարվեց հանդիպել համանախագահների հետ: Ի դեպ, չհամաձայնե՞ց, թե՞ չթողեցին…. Ադրբեջանի դիրքորոշումը, համանախագահների ձախողված այցը, Մինսկի խմբի նվազագույն ակտիվությունը, որը չի կարելի բացատրել միայն Միացյալ Նահանգներում «անցումային ժամանակահատվածով» կամ ամբողջ աշխարհում մոլեգնող Քովիդ-19-ի համավարակով, ցույց են տալիս, որ գոնե կարճատև կտրվածքով այդ ձևաչափով արդյունավետ բանակցություններ ակնկալելն իրատեսական չէ: Ավելին` այդ ձևաչափի պահպանումն է արդեն մեծ հարցականի տակ:
Լավ, ասենք` Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններ չկան, բայց բանակցություններ ընդհանրապես կա՞ն: Նոյեմբերի 21-ին Հայաստան այցելեց ՌԴ կառավարության բավականին ազդեցիկ պատվիրակություն՝ ՌԴ փոխվարչապետեր, արտաքին գործերի նախարար, պաշտպանության նախարար: Ի՞նչ խոսեցին կողմերը, ինչի՞ մասին պայմանավորվեցին, որևէ տեղեկություն չկա: Հաշվի առնելով կողմերի տարբեր քաշային կատեգորիաները, Հայաստանի վիճակը և ամբողջական կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև բանակցողի` ով լինելը, հազիվ թե այդ բանակցությունները կարելի է բանակցություններ անվանել: Ամենայն հավանականությամբ, Հայաստանին առաջարկներ են արվել, որոնցից «ժողովրդական վարչապետը» չէր կարող հրաժարվել:
Իրական բանակցային փորձությունը հայ ժողովրդին ու «ժողովրդական վարչապետին» սպասում էր Մոսկվայում, որտեղ հունվարի 11-ին հանդիպելու էին Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը: Փաշինյանն ու Ալիևը պատերազմից հետո հանդիպելու էին առաջին անգամ… Փաշինյանի համար այս բանակցությունները սկզբունքային նշանակություն ունեին: Նա պետք է ոչ միայն կարողանար երկրի համար զիջումներ կորզել, այլև հայ ժողովրդին ապացուցել, որ ընդդիմության պնդումները, թե «թուրքի առաջ չոքած մարդը չի կարող թուրքի հետ արդյունավետ բանակցել», ճիշտ չեն, որ ինքը դեռևս հպարտ ժողովրդի քաջ առաջնորդն է, որը կարող է երկիրը հանել այս ճգնաժամից (առանց, ի դեպ, նշելու, թե ով երկիրը հասցրեց ճգնաժամի) ու իրականություն դարձնել Հայաստան-2050-ի բաղձալի տեսլականը:
Բանակցություններից առաջ ամենազգայուն թեման գերիների ու անհետ կորածների հարցն էր: Փաշինյանականներն իրենց հպարտ հետևորդների ու ֆեյքերի միջոցով արդեն մի քանի շաբաթ լուրեր են տարածում, որ գերիներին կարող է վերադարձնել միայն Նիկոլը, իսկ ընդդիմադիրներն իրենց բողոքի գործողություններով «ժողովրդական վարչապետին» խանգարում են լուծել այդ հարցը: Տեխնոլոգիան պարզ է` եթե հանկարծ Նիկոլը հիմա հրաժարական տա, ընդդիմադիրները չեն լուծի գերիների խնդիրը, կասեն` գնացե՛ք, Նիկոլից ձեր գերիներին ուզեք: Ուրեմն… Ուրեմն ոչ մի կերպ չի կարելի թողնել, որ Նիկոլը գնա, միայն նա է կարող գերիներին վերադարձնել: Փաշինյանի հակառակորդները (խոսքս չի վերաբերում միայն Հայրենիքի փրկության շարժման կոչով հրապարակ դուրս եկած հազարավոր քաղաքացիներին) պնդում են, որ Նիկոլն ի վիճակի չէ գերիներին վերադարձնել, նա կորցրել է այդ հնարավորությունը, իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության բոլոր կետերի իրականացումը պետք էր պայմանավորել գերիների ու նահատակների աճյունների վերադարձով:
Եթե Փաշինյանը բանակցությունների ժամանակ գերիների հարցը չբարձրացներ, նրան չէին հասկանա: Իր մեկնելուն ուղեկցող` ընդդիմության բողոքի գործողությունների դեմ հանրային դժգոհություն հարուցելու նպատակով Փաշինյանն իր էջում գրեց. «Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետեւյալն է. 1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում»: Փաշինյանի մամուլի խոսնակը հունվարի 10-ին տեղեկություն տարածեց, թե. «Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»: Եվ փույթ չէ, որ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառման հետ նույն ժամանակահատվածում Կրեմլի պաշտոնական կայքում տեղեկություն տարածվեց, որ օրակարգում միայն տնտեսական/կոմունիկացիոն հարցերն են: Անհարմար բան ստացվեց, բայց դե մեր իշխանության համար նման արգելակներ գոյություն չունեն, իսկ ֆեյքերն ու իշխանական մանկլավիկները շարունակում էին խաղալ հարազատներին սպասող մարդկանց զգացմունքների հետ:
Հայաստանը պարտվեց, բանակցությունները ձախողվեցին: Ոչ գերիների հարցը լուծվեց, ոչ՝ Արցախի կարգավիճակի: Փաշինյանը ևս մի անգամ նվաստացվեց. առաջնահերթություն համարվող հարցն ընդհանրապես չքննարկվեց: Նույնիսկ մեղմ ակնարկը, թե առանց գերիների հարցի լուծման տնտեսական համագործակցության հարցերի քննարկումն արդյունավետ չի լինի, անտեսվեց: Անտեսվեց հրապարակայնորեն: Ավելին` Ալիևը, հղում կատարելով Պուտինի ինչ-որ արտահայտության, հայտարարեց. «Ղարաբաղի հարցի լուծումը մնաց անցյալում»: Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չփորձեր կատարյալ ձախողումը ներկայացնել որպես «գոնե ինչ-որ հաջողություն»: Որպես ձեռքբերում է ներկայացվում «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնումը և կառուցումը»:
Ապազգային լյումպենների համար սա կարևոր է. Ղարաբաղի հարցը լուծվեց, Սերգոն ու պողոսներն արդեն լավ են ապրելու: Սակայն «գոնե ինչ-որ հաջողությունն» իրականում ևս մի ապտակ էր Հայաստանի Հանրապետությանը: Ակնհայտ է, որ, նոր ենթակառուցվածք ասելով, Ադրբեջանը պատկերացնում է Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջաններին կապող միջանցքների կառուցումը: Թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Մեղրիի միջանցքը, որևէ մեկին պետք չէ բացատրել: Բայց Ալիևին դա քիչ է: 2020 թ. դեկտեմբերի 2-ին նա խոսել է միջանցքների, այլ ոչ թե մեկ միջանցքի մասին: Մյուս հարվածը, որը մենք ստացանք Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր միջանցքն է, որը շրջանցելու է Բերձորը: Սրանով մենք կկորցնենք ոչ միայն քաղաքը, որն ադրբեջանցիները չկարողացան զենքով գրավել, այլև ստիպված կլինենք երթևեկել ավելի երկար ու բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհով, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհն է: Իսկ ի՞նչ է այս զիջումների դիմաց ստանում Հայաստանը, որը պետք է պողոսների կյանքը դրախտի վերածի: Տեսականորեն` Ադրբեջանի տարածքով ցամաքային կապ Ռուսաստանի Դաշնության հետ: Չէ, սա կատակ չէ, սրա տակ Փաշինյանը ստորագրել է: Նույնիսկ եթե ճանապարհը կառուցվի, նույնիսկ եթե գտնվեն մարդիկ, որոնք խիզախեն անցնել այդ ճանապարհով, հասկանում եք, չէ՞, որ այդ ճանապարհը փակելը ադրբեջանցիների համար հինգ րոպեի հարց է: Չմոռանանք, որ նրանք 30 տարի հաջողությամբ կարողացել են փակել իրենց տարածքով անցնող բոլոր ճանապարհները, իսկ առաջին պատերազմի ժամանակ տասնյակ անգամներ պայթեցրել են Հայաստան մտնող գազամուղն ու երկաթուղային կամուրջները: Կասեք՝ պատերազմը վերջացել է: Լո՞ւրջ…
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ