
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին` 80-ամյա հոբելյանի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Հարգարժան պարոն Մաթևոսյան,
Սիրելի մաեստրո,
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ։
Տասնամյակներ շարունակ հայ ժողովրդական, գուսանական ու աշուղական, ինչպես նաև ժամանակակից շատ հայ կոմպոզիտորների երգեր Ձեր ձայնի ու կատարողական արվեստի շնորհիվ են ճանաչելի դարձել Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանյան շատ երկրներում՝ գրավելով հայ և օտար ունկնդրի սրտերը:
Հայ արվեստին ու մշակույթին Ձեր հավատարմությամբ, Ձեր անզուգական արվեստով, Հայրենիքն ու ազգը սիրելու ու բարձրացնելու Ձեր կարողությամբ Դուք օրինակ եք ծառայել և ծառայում կատարողների երիտասարդ սերունդների համար:
Մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, առողջություն, հաջողություն և ստեղծագործական անսպառ եռանդ»,- ասված է ուղերձում։