Բաժիններ՝

«Բերեք երեխուն տվեք, թող ձեր վառոտը չջարդի, արա՛». Արսեն Ղուկասյանը՝ ՊՆ-ի դարպասներին մեքենայով հարվածած ծնողին ձերբակալելու մասին

Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ  գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, բացի մարմինների որոնողական խմբերից, 2 խումբ էլ պետք է գնար ողջերի որոնողական աշխատանքներ իրականացնելու, սակայն վերջիններին թույլ չեն տվել՝ պատճառաբանելով տեղանքում առկա մառախուղը:

«Տղերքը գնացին հասան հայ-ադրբեջանական սահման, այնտեղից որոնողականներին հետ են ուղարկել, այս անգամ պատճառաբանությունը մառախուղն է, ասել են՝ քանի որ մառախուղ է, չենք կարող թույլ տանք մտնեք, և այլն, բայց մարմինների գծով գնացել են: Ուրախացանք, ասացինք՝ 5 ուղղություն կլինի, 3-ը՝ մարմինների համար, 2-ը՝ ողջերի, այն էլ…»,- հայտնեց Ղուկասյանը:

Քաղաքացին նաև անդրադարձավ օրերս Երևանում՝ ՊՆ-ի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ անհետ կորածի հայրը ավտոմեքենայով հարվածել և կոտրել է մուտքի դռները:

«Երեկ եղբայրն ասաց, որ Գուրգենին կալանքի տակ են վերցրել 72 ժամով: Հիմա ուզում եմ խոսքս ուղղեմ մեր պատկան մարմիններին, լավ, այդ մարդը, որ այդ գործողությունն արել է, այդ քայլին գնացել է, որ այդ մարդուն կալանքի եք վերցրել… Սենց մի հատ հարց ոչ մեկիդ մոտ չի՞ ծագում, իսկ ինչո՞ւ այդ մարդն այդ քայլն արեց, ի՞նչը դրդեց, ի՞նչը ստիպեց, կամ ո՞ւմ կատարած գործողությունների հետևանքով այս մարդը դիմեց այդ քայլին: Ես առաջարկ ունեմ, պարոնայք, եթե, ինչ-որ մեկին կալանքի եք վերցնում, հարց չկա, ես բան չեմ ասում, բայց հիմա նույն հաջողությամբ, նույն ձևով նաև պետք է դատվեն այն մարդիկ, ովքեր  հասցրեցին այդ ծնողին այդ վիճակին, բա հլը մի հատ դրանց բռնեք, դատեք, 2 ամիս է՝ ճղում ենք մեզ, ո՞ր մեկին եք 72 ժամով կալանքի վերցրել, մի հատ անուն գրեք, մենք էլ տենանք, ասենք՝ արա, դե հես ա, այս մեկին կալանքի են վերցրել, թե՞ խեղճուկրակ ծնող էր, վշտից արդեն այն կարգի նեղված, որ արդեն դիմել է այդ քայլին, անզորությունից արդեն, այս պետության  թույլ լինելուց: Ռուսերեն ասացվածք կա՝ «это ещё цветочки», ինձ, որ ասացին՝ այդպիսի բան են արել, ասացի՝ դա դեռ շատ քիչ է, ես ավելի վատն էի պատկերացնում, որ կարող է լինի, էլ ավելի բեթար եմ պատկերացնում, որ կարող է լինի… Այսօր բռնեք դատեք այս վիճակին հասցնողին, 2 օր հետո այդ վառոտ ջարդող ծնողին դատեք: Բերեք մարդու երեխուն տվեք իրեն, թող ձեր վառոտը չջարդի, արա՛»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, քաղաքացին, որը ևս պատերազմի մասնակից է, օրերս մեքենայով հարվածել էր Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Նրան ձերբակալել էին: Հարուցվել է քրեական գործ 3 հոդվածի հատկանիշներով: Սպառնում է 5-10 տարով ազատազրկում:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս