Կան քայլեր, որոնք ՀՀ-ն պետք է անի իր դիրքերն ամրապնդելու և հավասարակշռությունը ռեգիոնում վերականգնելու համար, սակայն չի անում. Եվսեև
«Ադրբեջանը գերիներին պահում է՝ որպես ճնշման լծակ, ու չի բացառվում, որ հեռուն գնացող նպատակներ ունի՝ կապված սահմանների դեմարկացիայի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքների մասին: Սակայն մինչ հանդիպման մեկնելը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով հայկական կողմի առաջնահերթությունը, նշել էր.
«Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը»:
Սակայն այս մասով հանդիպման հրապարակային հատվածում որևէ խոսակցություն չեղավ՝ բացի այն, որ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ չհաջողվեց որևէ արդյունք արձանագրել այդ մասով:
Եվսեևը նշեց, որ Ադրբեջանը մտածված պահում է հայ ռազմագերիներին, որպեսզի ճնշման լծակ ունենա ՀՀ-ի նկատմամբ:
Ըստ նրա, Բաքվում կարծում են, որ դա երաշխիք կլինի դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի բացման հարցում: Բայց, Եվսեևի խոսքով, կարելի է նաև ենթադրել, որ նրանք հեռուն գնացող նպատակներ ունեն, որոնք կապված են սահմանների դեմարկացիայի հետ:
«Ուստի ես գիտեմ, որ հարցը չի լուծվում, բայց մասնակիորեն կլուծվի Նախիջևանի միջանցքի ձևավորումի հետո: Բայց հուսալ, որ բոլոր գերիներին Ադրբեջանը կվերադարձնի, չէի փորձի: Ավելի հավանական է, որ սա երկար գործընթաց է, որը զուգորդվելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների էլեմենտներով: Դրան պետք է վերաբերվել ըմբռնումով, քանի որ այլ կերպ հնարավոր չէ»,- ասաց Եվսեևը:
Նա նշեց, որ ԼՂ տարածքներում ռադիկալ իսլամիստներ են եղել, և այս կապերի ապաշրջափակմանը զուգահեռ՝ հարկավոր է նրանց դուրս բերել այդ գոտիներից, ինչո՞ւ են նրանք մնում այդ տարածքներում, դա փորձ չէ՞ արդյոք երկարաժամկետ հաստատվել այդ տարածքներում, այդ թվում՝ ընտանիքներին բերելով:
«Սա ինձ անհանգստացնում է, ուստի կարծում եմ, որ այն ճնշումը տնտեսական, որը ՌԴ-ն բանեցրել է Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես՝ լոլիկների, խնձորների և այլնի մասով, հետզհետե լուծելու է այս հարցը, քանի որ այս հարցը ևս նախօրեին քննարկվել է: Իսկ գերիների վերադարձի հարցը մաքսիմալ ձգձգվելու է»,- ասաց վերլուծաբանը:
Անդրադառնալով գերիների վերադարձի հարցում ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին՝ Եվսեևն ասաց, որ Ռուսաստանն անում է այն, ինչ կարող է, Ռուսաստանն անում է այն, ինչի պարտավորությունն ունի:
«Մոսկվան տեղյակ է այս խնդրի մասին, և դա լուծվելու է ժամանակի ընթացքում, թեև հասկանում եմ, որ հայերին լուծումը հարկավոր է հիմա: Պետք է հասկանալ, որ հաշտեցման գործընթացը չափազանց բարդ է: Դուք գիտեք, որ եղել է երկու հայկական գյուղերի գրավում, որոնցից միայն մեկը վերադարձվեց: Երբ Ադրբեջանը հաղթանակի էյֆորիայից չի հանգստանում, դժվար է ինչ-որ բան բանակցել: իսկ ՌԴ-ն այս ամենով ստեղծել է Ադրբեջանի նկատմամբ ճնշման երկարաժամկետ լծակ: Ռուսաստանը այդ խնդիրը լուծելու է, բայց այս պահին անում է այն, ինչ հնարավոր է և կարող է: Պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն դաշնակից է, Ադրբեջանը ևս համագործակցում է, բայց պետք չէ նաև պահանջել ՌԴ-ից այն, ինչ նա չի կարող անել այս պահին: Ինքնին փաստը, որ երկխոսությունը կայացավ, Իլհամ Ալիևը եկավ ՌԴ, նույնիսկ ողջունեց Փաշինյանին, ցույց է տալիս, որ իրավիճակն ամեն դեպքում փոքր-ինչ փոխվել է: Ռուսաստանին ժամանակ է պետք: Կա նաև անվստահություն Իլհամ Ալիևի նկատմամբ: Բայց հարցերն այնպես են լուծվում, որ նոր խնդիրներ չառաջանան: Հիշեք, որ ռուսները Լիբիայից վերադառնում էին երկու տարի, խոսքը գերիներ մասին է»,- ասաց նա:
Փորձագետն արձանագրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը փաստեց, որ ՀՀ դիրքերը թուլացած են, բայց դրան հետևած գործողությունները՝ խաղաղապահների տեղակայում, տեղահանվածների վերադարձ, ՀՀ դիրքերը վերականգնելու փորձ է, չկա այլևս անելանելիության զգացում, չկա հայկական զորքերին շրջափակելու հնարավորություն, չկա Ստեփանակերտ վերցնելու հնարավորություն ՌԴ-ի շնորհիվ: «Այսինքն՝ բոլոր ցավոտ հարցերը վերացել են: Կյանքը ՌԴ օգնությամբ վերականգնվում է, դիրքերը Հայաստանի և Ադրբեջանի կսկսեն հավասարվել, պարզապես պետք է անել այլ քայլեր ևս, որոնք Հայաստանը չի անում իր դիրքերը վերականգնելու, ամրապնդելու և տարածաշրջանում հավասարակշռություն հաստատելու համար: Օրինակ՝ Սյունիքում ռուսական երկրորդ բազայի ստեղծման մասին առաջարկ չի հնչում: Դա շատ ակտուալ ու կարևոր է, Ադրբեջանը զգում է, որ ուժեղ է, և շարունակելու է դիմել սադրանքների: Անկեղծ ասեմ, որ չեմ հասկանում, թե ինչու այս հարցը չի բարձրացվում, սա ՀՀ շահերին լիովին համապատասխանում է, և դա կնվազեցնի Ադրբեջանի ագրեսիվությունը»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը: