Բաժիններ՝

Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը և առաջիկա ծրագրերին առնչվող հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը:

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը և արհեստավարժությունը՝ ընդգծելով, որ նվագախումբը համաշխարհային բեմերում մշտապես ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանի անունն ու մշակույթը և կարողացել է հավուր պատշաճի շարունակել իր գործունեությունը նաև համավարակի պայմաններում՝ հանդես գալով համերգներով ու առցանց նախագծերով:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրավամբ մեր երկրի ու ժողովրդի դեմքն է, և մենք անելու ենք հնարավորը, որ մեր երկրի համերգային մշակույթը լինի ամենաբարձր մակարդակի վրա, ինչպես եղել է, կա, և, վստահ եմ, կլինի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նվագախմբի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, նորարարական ստեղծագործական ծրագրերը, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների ընթացքը, իրականացվող և ակնկալվող փոփոխությունները: Անդրադարձ է եղել նաև համավարակի ընթացքում մշակութային կյանքի բնականոն գործունության ապահովման խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս