«Անվերջ բառախաղի հեռուներում ընկղմված Արմեն Սարգսյանի համար իրավիճակն անփոփոխ է». Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անվերջ բառախաղի հեռուներում ընկղմված Արմեն Սարգսյանի համար իրավիճակն անփոփոխ է։
Երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում, երբ ապրած ամեն րոպեն պետության գլխի համար պիտի լինի մարտահրավերների ու հնարավորությունների հավասարակշռման ժամանակահատված՝ նա էլի խոսում է ոչնչից։
Վախենում եմ մտածել, որ դրանք ուղղակի բառեր չեն, այլ գործուն մասնակցություն երրորդ հանրապետության, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության վերացման ուղղությամբ, որին կարծես դեմ չէ նաև 4-րդ անհասկանալի գոյամիացության հեղինակ Արմեն Սարգսյանը։
Սեփական աշխատակազմի գրչակների հետ զրույցներում փարատելով փառասիրությունը՝ իբր լիազորություններ չկան։
Բայց նախագահական կարգավիճակն ու Սահմանադրությամբ նախատեսված աներկբա հնարավորություններն ավելի քան բավարար էին դուրս գալու շրջագայության տրամադրություններից։
Ո՛չ պատերազմը, ո՛չ հետպատերազմյան աղետալի բարոյահոգեբանական վիճակը, ո՛չ էլ այդքան «սիրված» Սահմանադրությունն ի զորու չեղան հետ պահել Արմեն Սարգսյանին նախատեսված ու պետության հաշվին իրականացվող թանկարժեք վոյաժներից։
Հրաժարական պահանջողը ստորագրում է ամեն հրամցվածը:
Պատասխանատվություն պահանջողը խնդիրներ չի տեսել հոկտեմբեր 2-ի (ԱԺ շրջափակման), սահմանադրական հակաիրավական փոփոխությունների, քաղաքական հետապնդումների, նախկին նախագահների վրա անորակ կարված քրեական գործերի մեջ։
Ոչ մի խոսք, վերաբերմունք, եթե կուզեք՝ նախագահական ուղերձ տիրող 2.5 տարվա քաոսում։
Իսկ հիմա դժոխքի վերածված քաոսում սեփական անձի հարմարավետ գոյության կարգավիճակի փնտրտուքը սրվել է։ «Ստեղծվում է» անդեմ ու անձև «4-րդ հանրապետություն» մի անձի կողմից, ով մեր նորանկախ պատմության մեջ պետությանն իր անգործությամբ ամենամեծ վնասն հասցրել։
Եթե հանցավոր անգործությունը դասագրքային իրականությունից զետեղենք հայկական իրականություն, ապա լավագույն
օրինակն Արմեն Սարգսյանը կլինի՝ մարդ ով ստանձնելով ՀՀ անկախ ու ինքնիշխան պետության նախագահի պաշտոնը չցանկացավ լինել ավելին քան Բաղրամյան 26-ը ժամանակավոր զբաղեցնող անձ»։