Հայտնի չէ՝ ինչ կլինի, եթե ադրբեջանական համարվող տարածքում հանցագործություն կամ վթար լինի. ՄԻՊ

ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերը, ՄԻՊ Արման Թաթոյանի փոխանցմամբ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում իրականացնում են անձնուրաց ծառայություն, բայց կան հարցեր, որոնք այժմ կարգավորված չեն ու լուրջ խնդիրներ կարող են առաջացնել, վստահեցրեց Թաթոյանը՝ նշելով դրանցից մեկը, որը կապված է  իրավազորության հետ:

«Դուք պատկերացրեք այդ տարածքները, որոնք, այսպես կոչված, ադրբեջանական համարվող տարածքներ են, և այդտեղից մեր քաղաքացիներին, ով երթևեկում է քաղաքացիական մեքենաներով, խորհուրդ է տրվում շատ արագ քշել անցնել և չկանգնել այդ հատվածներում, որովհետև կարող է դիտվել սադրանք, բայց պատկերացնենք, օրինակ, ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու, եթե, օրինակ, այդ ճանապարհահատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար, եթե, օրինակ, ոչ միայն հայկական մեքենաների միջև ՃՏՊ տեղի ունենա, այլ նաև, օրինակ, ադրբեջանական մեքենայի և հայկական մեքենայի: Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, հանցագործություն տեղի ունենա: Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, մարդ պարզապես վթարի ենթարկվի: Կամ, օրինակ, մարդու մեքենան փչացել է, անսարք է, և պետք է կանգնի, այդ հատվածում մեքենան նորոգի:

Հիմա հատկապես  երթևեկության կանոնների խախտումներ, պատահար, հանցագործություն և այլն, եթե համարում ենք Ադրբեջանի տարածք է, ի՞նչ է նշանակում, պե՞տք է Ադրբեջանի քննչական մարմինները գան Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ կամ այլ վարույթներ իրականացնեն, մի հատ էլ ենթարկեն բերման իրենց բաժիննե՞ր: Այս հարցերը ընդհանրապես այնտեղ կարգավորված չեն: Մեր պետական մարմինները,  մեր ծառայողները չունեն ոչ մի  պատկերացում:

Ես նորից եմ ասում՝ նրանք իրականացնում են, նաև ոստիկանության ծառայողները՝ նրանց հետ միասին, անձնուրաց, հերոսական ծառայություն՝ այդ դիրքերը պահելու և այլ տեսանկյունից, բայց այս հարցերը իրավական հարցեր են, որոնցով որևէ հարց կարգավորված չէ: Իսկ այս դեպքերը կարող են տեղի ունենալ ամեն օր, ամեն պահի: Հետևաբար՝ այս հարցերը հրատապ լուծումների կարիք ունեն, որովհետև սա մարդու իրավունքների կարևորագույն խնդիրներն են»,- նշեց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս