Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն
Մարտական գործողությունների Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներից: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Այսօր 3 խումբ որոնումները շարունակելու են մարտական գործողությունների Հադրութի, իսկ 1 խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով,որ զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ: