
«Եվրատեսիլ 2021»-ը կկայանա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից

2021 թվականին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա՝ անկախ կորոնավիրուսի համավարակից: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, երաժշտական մրցույթի ճակատագրի մասին խոսել է մրցույթի մեկնաբան, դերասան և կատակերգակ Գրեմ Նորթոնը:
Արտիստը հավաստիացրել է, որ միջոցառումն այս տարի կանցկացվի ավանդական ձևաչափով: Մրցույթի շրջանակում տարբեր երկրների երաժիշտները կպայքարեն առաջին տեղի համար: Մրցույթի կազմակերպիչները ելույթների ձայնագրության կիրառման հնարավորություն կստեղծեն, եթե մասնակիցները չկարողանան մեկնել Ռոտերդամ կամ ստիպված լինեն կարանտինում լինել այնտեղ հասնելուն պես: Ձայնագրված համարների համար խիստ կանոններ կսահմանվեն:
Նորթոնը կասկածներ է հայտնել, որ վոկալային մրցույթը «կանցկացվի 20 հազար հանդիսատես ունեցող համերգասրահում»:
2020 թվականի սեպտեմբերին «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները 2021-ին անցկացվող մրցույթի չորս սցենար են առաջարկել՝ ընդգծելով, որ մրցույթի ձևաչափը կախված կլինի աշխարհում հակահամաճարակային իրավիճակով: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մայիսի 22-ին:
«Եվրատեսիլ 2020»-ը, որը պետք է անցկացվեր Ռոտերդամում, չեղարկվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով: 2020-ին մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը: