Փաշինյանն ընդմիշտ տապալեց գերիների հարցը, քանի որ նրա հետ ոչ ոք չի բանակցում. նրան ներկայացնում են փաստաթուղթ, և ինքը դա ստորագրում է. Գևորգ Կոստանյան
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը՝ նշելով սակայն, որ համատեղ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի՝ լուծվել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը:
168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ դեռևս շուրջ մեկ ամիս առաջ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում է ինքն ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու լուծել գերիների վերադարձի հարցը:
«Դեռ այն ժամանակ եմ ասել, էլ ինչպե՞ս է պետք բացատրել մարդկանց, որ նա չի կարողանալու լուծել այս հարցը: Եվ այսօր Փաշինյանը տապալեց գերիների հարցը, ու ստիպված ինքը հայտարարեց այդ մասին»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Մեր հարցին, թե եթե գերիները չէին վերադարձվելու, ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ստորագրել տրանսպորտային ուղիների ապաշրջափակում ենթադրող հայտարարության տեքստի տակ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչն ասաց, որ Փաշինյանը շարունակում է գործել Հայաստանի շահերի դեմ՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու:
«Փաշինյանի հետ ոչ ոք չի բանակցում: Նրան ներկայացնում են փաստաթուղթ, և ինքը դա ստորագրում է: Եվ այսօրվա հանդիպումից հետո արված հայտարարությունն էլ դրա վառ օրինակն էր, և Նիկոլ Փաշինյանը գերիների հարցը տապալեց ընդմիշտ: Նա չունի ունակություն գերիների հարցը լուծելու համար, և ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ, որ քանի դեռ այդ մարդն իշխանության է, մեր գերիները շարունակելու են մնալ Ադրբեջանում»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարցին, թե արդյո՞ք գերիների վերադարձի հարցը լուծում ունի, Գևորգ Կոստանյանն ասաց՝ միանշանակ:
«Բացի այն, որ իրավական առումով բոլոր հիմքերը կան այդ հարցը լուծելու, ով էլ լինի երկրի ղեկավար, Նիկոլ Փաշինյանից բացի, կլուծի այդ հարցը, որովհետև այդ հարցը չի լուծվում՝ Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված, որովհետև նրա հետ չեն բանակցում, ու կարծում եմ, որ մեր ժողովուրդը համոզվեց, որ այսօր էլ չեն բանակցել: Ուղղակի իր առաջ դրել են փաստաթուղթ, և ինքը ստորագրել է՝ առանց իր առաջ քաշած պայմանները քննարկման առարկա դարձնելու»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարցին, թե կարո՞ղ էր արդյոք չստորագրել այսօրվա հայտարարությունը, եթե գերիները չէին վերադարձվելու, նա ասաց, որ հանուն Հայաստանի շահերի գործող ցանկացած ղեկավար կարող էր դա չստորագրել:
«Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ոչ միայն չեն բխում Հայաստանի շահերից, այլև, ինչպես մենք տեսանք այս տարիների ընթացքում, հակասում են Հայաստանի շահերին, ինքը ստորագրեց այդ փաստաթուղթը: Փաստորեն, այսօր ևս նա ստորագրեց փաստաթուղթ, որը բխում էր ոչ թե մեր, այլ Ադրբեջանի և Թուրքիայի շահերից: Եվ նույնիսկ հիմա, երբ Հայաստանի ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն ըստ էության գերիների վերադարձի հարցն էր, նա չկարողացավ լուծել այդ հարցը»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը: